Ակնկալում ենք մեր միջազգային գործընկերների հասցեական արձագանքները. Ալեն Սիմոնյան
Քիչ առաջ ավարտվեց մեր հանդիպումը Սլովենիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ տիկին Զուպանչիչի հետ։ Ինձ համար մեծ պատիվ է հյուրընկալել գործընկերոջս և նրա գլխավորած պատվիրակությանն Ազգային ժողովում։ Այս մասին ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Հարգելիʹ գործընկերներ
Հարգելիʹ տիկին Զուպանչիչ,
Քիչ առաջ ավարտվեց մեր հանդիպումը Սլովենիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ տիկին Զուպանչիչի հետ։ Ինձ համար մեծ պատիվ է հյուրընկալել գործընկերոջս և նրա գլխավորած պատվիրակությանն Ազգային ժողովում։
Մեր ընդլայնված կազմով հանդիպմանը քննարկել ենք հայ-սլովենական համագործակցությանն առնչվող մի շարք կարևոր հարցեր: Հայաստանը բարձր է գնահատում Սլովենիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը և բազմաոլորտ համագործակցության ընդլայնումը:
Հաջորդ տարի լրանում է մեր երկու երկրի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Կարծում եմ, որ մեր երկկողմ համագործակցությունն խորանալու մեծ ներուժ ունի:
Մեծապես կարևորվել է Հայաստանի և Սլովենիայի խորհրդարանների միջև համագործակցությունը: Առանձնացվել է երկու խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի դերը:
Ընդգծվել է Սլովենիայի հետ գործակցությունը Եվրոպական Միության հետ համագործակցության շրջանակներում՝ հատկապես Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկման տեսանկյունից։
Կարևորվել է վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը:
Անդրադարձ է կատարվել նաև հայ-սլովենական տնտեսական համագործակցությանը, ընդգծվել Տնտեսական և ներդրումային ծրագրերի իրականացման անհրաժեշտությանը։
Անդրադարձել եմ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման խնդրին։ Արդեն մոտ կես տարի է, ինչ Արցախի ողջ բնակչությունն ապրում է պարենային և հումանիտար ճգնաժամի պայմաններում: Հաշվի առնելով Բաքվի օրեցօր սաստկացող ագրեսիվ հռետորաբանությունն ու անիրավ գործողություններն ակնկալում ենք մեր միջազգային գործընկերների հասցեական արձագանքները։
Հատուկ շնորհակալություն եմ հայտնել տիկին Զուպանչիչին 2022 թվականի հոկտեմբեր ամսին Սլովենիայի Հանրապետությունում արցախցի մի խումբ երեխաներին օժանդակելու համար, ովքեր մասնակցել են «Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունից տուժած երեխաների հոգեբանական-սոցիալական վերականգնում» ծրագրին։ Ուրախությամբ փաստում եմ, որ հայ երեխաների հոգեբանական-սոցիալական վերականգնման ծրագիրը երկարաձգվել է ևս երկու տարով։
Հարգելի ներկաներ, ևս մեկ անգամ ողջունում են մեր սլովենացի բարեկամների այցը Հայաստան. հայկական կողմը կշարունակի ջանքեր գործադրել Հայաստանի ու Սլովենիայի միջև համագործակցության առավել ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ։
Շնորհակալություն»,- ասել է Սիմոնյանը:
Կարծիքներ