Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանին

Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանին

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին:

Անահիտ Ավանեսյանը կարևորել է երկու երկրների միջև գործակցությունը, երկարամյա հարաբերությունների զարգացումն ու երկկողմ կապերի շարունակական ակտիվացումը:

Երկուստեք հաջողված և արդյունավետ է գնահատվել կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութերի ձեռքբերումը, համավարակի տարածման դեմ կանխարգելիչ միջոցառումներն ու պատվաստումների ակտիվ գործընթացը:

«Շատ ուրախ եմ Ձեզ այստեղ ընդունել ու քննարկել մեր երկրների միջև փոխգործակցության կարևորությունը բոլոր ասպեկտներում: Վստահ եմ, որ երկուստեք նոր կապեր ու հեռանկարներ կբացվեն, կամրապնդվի հայ-ղազախական համագործակցության կամուրջը` երկկողմ բարեկամական հարաբերություններում սերտ գործակցության և նոր համատեղ ծրագրերի իրականացման առումով»,-ասել է Անահիտ Ավանեսյանը:

Բոլատ Իմանբաևը ներկայացրել է իրենց երկրում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված իրավիճակն ու պատվաստումային գործընթացը` հավելելով, որ այժմ իրենք գործարկում են սեփական պատվաստանյութը: Ղազախական կողմը պատրաստակամություն է հայտնել մարդասիրական օգնության շրջանակում Հայաստանին տրամադրել COVID-19-ի դեմ Ղազախստանի արտադրած պատվաստանյութը:

Նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել առաջարկը և նշել, որ նախքան նոր պատվաստանյութի ձեռքբերումն անհրաժեշտ է փաստաթղթային որոշակի ուսումնասիրություն իրականացնել, որից հետո հնարավորություն կունենանք ձեռք բերելու նոր պատվաստանյութը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում