ԱՄՆ Սենատը չի հաստատել երկրում զենքի վաճառքի սահմանափակման օրինագիծը
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում անհաջողությամբ է ավարտվել երկրում հրազենի վաճառքի սահմանափակմանն ուղղված օրինագիծն ընդունելու փորձը: Հունիսի 9-ին այդ մասին հայտնել է Politico թերթը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Երկու կուսակցությունների ներկայացուցիչները չեն կարողացել փոխզիջման հասնել օրինագծի ձևակերպման շուրջը և դադարեցրել են բանակցությունները: «Մենք չկարողացանք համաձայնության գալ օրինագծի շուրջը, որը կհանգեցներ հրազեն գնողների ինքնության ստուգումների թվի զգալի ավելացման»,- հայտարարել է դեմոկրատ սենատոր Քրիս Մերֆին, որը գլխավորել է այդ հարցի շուրջը բանակցությունները Հանրապետական կուսակցության ներկայացուցչի հետ:
«Չնայած հասարակայնության կողմից այդ ուղղումերի ճնշող պաշտպանությանը, օրինագծերի քննարկման (երկրում) գործող կարգը, որը թույլ է տալիս դրանց ձգձգումը, պահանջում է հանրապետականների պաշտպանությունը զենքի վաճառքի վերահսկողության ցանկացած առաջարկի առաջմղման համար»,- նշում է Politico-ն: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հանդես է գալիս հրազենի վաճառքի օրենսդրության խստացման օգտին: Երկու համապատասխան օրինագծերին մարտին հավանություն է տվել Կոնգրեսի Ներկայացուցիների պալատը, որը վերահսկում են դեմոկրատները: Բայց դրանք մինչ օրս չեն անցել Սենատով:
Կարծիքներ