Թալիբների ներկայացուցիչները բանակցություններ են վարել Ուզբեկստանում
Աֆղանստանի «Թալիբան» շարժման ժամանակավոր կառավարության ղեկավարի տեղակալ Աբդուլ Սալամ Խանաֆիի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 16-ին ժամանել է Թերմեզ քաղաք՝ Ուզբեկստանի կառավարական պատվիրակության հետ բանակցելու համար: Այդ մասին հայտնել է Ուզբեկստանի ԱԳՆ-ն:
Թալիբների հետ բանակցություններին Ուզբեկստանի պատվիրակությունը գլխավորել է փոխվարչապետ, ներդրումների և արտաքին առևտրի նախարար Սարդոր Ումուրզակովը:
Ռուսական Sputnik գործակալությունը տեղեկացրել է, որ բանակցություններին կողմերը քննարկել են առևտրատնտեսական հարցեր, Սուրհան - Պուլի Հումրի էլեկտրահաղորդման գծի և Մազարի Շարիֆ - Քաբուլ - Փեշավար երկաթուղու նախագծերը: Քննարկվել են նաև սահմանների անվտանգության, միջազգային տարանցիկ փոխադրումների և մարդասիրական օգնության հարցեր:
Հոկտեմբերի 7-ին Աֆղանստան էր մեկնել Ուզբեկստանի ԱԳ նախարար Աբդուլազիզ Կամիլովը:
Կարծիքներ