Ավարտվել է Մովսես Հակոբյանի կողմից պետական գաղտնիք հրապարակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
ՀՀ ԱԱԾ-ն ավարտել է բարձրաստիճան զինվորականի կողմից պետական գաղտնիք հրապարակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը:
Նշվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննված քրեական գործով կատարված բազմակողմանի, օբեկտիվ և լրիվ քննության պայմաններում հիմնավորվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետը (խմբ. Մովսես Հակոբյան), երկարամյա ծառայության բերումով իրավասություն ունենալով ծանոթանալու պետական գաղտնիք կազմող տեղեկություններին, 2020 թվականի նոյեմբերի 19-ին հրապարակային հարցազրույցներից մեկի ժամանակ հրապարակել է ՀՀ կառավարության 13.03.1998թ. «ՀՀ պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին» N173 որոշմամբ նախատեսված պետական գաղտնիք հանդիսացող՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի երկարաժամկետ կանխատեսումների ուղղությունները, զարգացման ծրագրերը բացահայտող, ինչպես նաև զինված ուժերի, այլ զորքերի և քաղաքացիական պաշտպանության ուժերի կիրառման ծրագրերը, օպերատիվ ծրագրերը, մարտական կառավարման, տարբեր աստիճանի մարտական պատրաստականության բերելու վերաբերյալ փաստաթղթերը բացահայտող՝ ռազմական բնագավառի հույժ գաղտնի տեղեկություններ:
Գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության պայմաններում նախկին բարձրաստիճան զինվորականը ՀՀ քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցագործություն կատարելու համար ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ ընտրվել է խափանման միջոց:
2021 թվականի հունիսի 29-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պետական գաղտնիքի հետ ծանոթանալու իրավունք ունեցող անձանց հորդորում է խստորեն պահպանել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի պահանջները, քանի որ դրանք պաշտպանվում են պետության կողմից, և դրանց տարածումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության համար:
Միաժամանակ, տեղեկացվում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում պետական գաղտնիքը դիտավորությամբ կամ անզգուշությամբ հրապարակելու համար, իսկ նույն հոդվածի ծանրացուցիչ մասի համար որպես պատիժ է նախատեսված ազատազրկում՝ երեքից յոթ տարի ժամկետով:
Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ