Արմեն Չարչյանը կրկին կկալանավորվի. դատարանը բավարարեց դատախազության բողոքը
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, բավարարել է «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշման դեմ դատախազության բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը:
Արմեն Չարչյանը կրկին կկալանավորվի:
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված Արմեն Չարչյանը ձերբակալվել էր «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով (ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը): Հունիսի 23-ին դատարանը բավարարել էր ՀՔԾ քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար։ Հուլիսի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը փոխել էր Արմեն Չարչյանի խափանման միջոց կալանավորումը՝ 15 միլիոն դրամ գրավի դիմաց: Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
Կարծիքներ