Առաջարկվում է երկարացնել ԱԺ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հեղինակած օրենքի նախագծով առաջարկվում է երկարացնել ԱԺ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը:
Նախագծի քննարկման ժամանակ պատգամավորների կողմից եղել են տարբեր առաջարկներ ժամկետի երկարացման վերաբերյալ: Հնչել է առաջարկ՝ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը դարձնել մինչև 18 ամիս` առանց երկարացման իրավունքի: Պատգամավորները բարձրաձայնել են նաև քննիչ հանձնաժողովի աշխատանքի արդյունավետության հարցը` մատնանշելով, որ երբեմն լինում են հարցեր, որոնց քննությունը սահմանափակված է, և քննիչ հանձնաժողովը չի կարողանում լիարժեք գործել:
Հիշեցնենք, որ գործող իրավակարգավորմամբ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը մինչև 6 ամիս է, որը կարող է մեկ անգամ` հանձնաժողովի առաջարկությամբ և Ազգային ժողովի որոշմամբ երկարաձգվել մինչև 6 ամսով: Այս կարգավորումը, ըստ Սերգեյ Բագրատյանի, խնդրահարույց է:
«2018-2021 թթ. ԱԺ-ում ձևավորվել է 11 քննիչ հանձնաժողով, որից 5-ի ժամկետը երկարացվել է: Բոլոր հանձնաժողովներն էլ ժամկետը երկարացնելու խնդիր են ունեցել, սա ապացուցում է, որ այդ ժամկետը բավարար չէ կարևորագույն խնդիրների լուծման համար»,- ասել է պատգամավորը:
Հեղինակն առաջարկում է փոփոխություն կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ մասում` առաջին «վեց ամիս» բառերը փոխարինելով «մեկ տարի» բառերով:
Պատգամավորի խոսքով` օրինագծի ընդունումը միտված է խորհրդարանական այս գործիքի լիարժեք գործարկմանը, հանձնաժողովի կողմից կայացվող որոշումների դերի և արդյունավետության բարձրացմանը: Այսպիսով, առաջարկվում է հանձնաժողովի լիազորությունների ժամկետը դարձնել 1 տարի, որը կարող է երկարաձգվել մինչև 6 ամսով:
Նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ:
Կարծիքներ