Սլովակիան համաձայնել է պաշտպանել Մարկ Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինին հայտարարել է, որ երկրի իշխանությունները համաձայնել են պաշտպանել Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից։
Մինչ այժմ Սլովակիան ընդգրկված էր այն երկրների ցանկում, որոնք աջակցում են ոչ թե Ռյուտեին, այլ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնի մեկ այլ հավակնորդի՝ Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսին։
Միևնույն ժամանակ, Սլովակիայի լրատվամիջոցները նշում են, որ Բրատիսլավան Ռյուտեի թեկնածությանը համաձայնելու դիմաց ակնկալում է Նիդեռլանդների օգնությունը Սլովակիայի հակաօդային պաշտպանության ամրապնդման գործում։
Այսպիսով, եվրոպական ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն, այս պահին Ռյուտեի թեկնածությանը դեմ են հանդես գալիս միայն երկու երկիր՝ Հունգարիան և Ռումինիան։ Միևնույն ժամանակ Ռյուտեն այս շաբաթվա սկզբին բանակցություններ է վարել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։ Առայժմ պարզ չէ՝ արդյոք Օրբանը համաձայնել է հրաժարվել Յոհաննիսին աջակցելուց:
ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար ընտրելու համար անհրաժեշտ է կոնսենսուս դաշինքի անդամ բոլոր երկրների ղեկավարների միջև։
Կարծիքներ