Քրեական վարույթ՝ Գյումրի քաղաքի բնակչի կողմից ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են այսօր և նախօրեին ահաբեկչության ու առանձնապես խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիք վերաբերյալ կեղծ ահազանգեր կատարելու դեպքերի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դրանք իրականացրած անձի ինքնությունը:
2022 թվականի օգոստոսի 15-ին և 16-ին՝ տարբեր ժամերի, հաղորդումներ են ստացվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Մուշի բաժին է զանգահարել Գևորգ Սարգսյան ներկայացած անձը և հայտնել, թե պատրաստվում է պայթեցնել ՀՀ Ազգային ժողովի, Գյումրու տարածքային հարկային տեսչության, ինչպես նաև` այլ վարչական շենքեր:
Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքներով հաղորդմամբ ներկայացված հանգամանքները չեն հաստատվել. պարզվել է, որ ահազանգերը կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը:
Ձեռնարկված համապատասխան միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել կեղծ ահազանգեր կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով Գյումրի քաղաքի՝ 62-ամյա բնակիչ է:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի և 194-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որոնք միացվել են մեկ վարույթում:
Գյումրի քաղաքի բնակիչը ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու կասկածանքով ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ