Նորատուսցի ձկնորսների գործի նախաքննությունը 5 մեղադրյալի մասով ավարտվել է

Նորատուսցի ձկնորսների գործի նախաքննությունը 5 մեղադրյալի մասով ավարտվել է

Ավարտվել է 2023թ. դեկտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզում մի խումբ անձանց կողմից կատարված կողուպուտի, խուլիգանության, ինչպես նաև պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը բռնությամբ միջամտելու դեպքի նախաքննությունը՝ ևս  5 մեղադրյալի մասով։

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության  գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության իրականացված քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Նորատուս գյուղի հիշալ 5 բնակիչները, իրենց և հարակից բնակավայրերի տասնյակ այլ ձկորսների հետ, տեղեկանալով «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ջրային պարեկների՝  դեկտեմբերի 19-ին՝ Սևանա լիճ նախատեսված շրջայցի և այդ ընթացքում իրենց կողմից լճում ապօրինի տեղադրված ձկնորսական ցանցերի հնարավոր դուրսբերման մասին, նպատակադրվել են միջամտել վերջիններիս օրինական ծառայողական գործունեությանը:

Ձկնորսները մոտորանավակներով, դիմակավորված մոտեցել են հիշյալ պաշտոնատար անձանց, շրջապատել նրանց նավակները՝ միաժամանակ պահանաջելով  լճից դուրս չբերել իրենց ձկորսական ցանցերն ու այլ պարագաները:

Մերժում ստանալով՝ դիմակավորված անձինք, այդ թվում՝  ինքնությունները պարզված՝ Գեղարքունիքի մարզի նշված 5 բնակիչները, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, նախ հայհոյանքներ են հնչեցրել շրջայց կատարող աշխատակիցների հասցեին, ապա նրանց մի մասը  ջրով և դյուրավառ հեղուկներով լցված շշեր, փայտեր, երկաթյա առարկաներ են նետել  նավի վրա գտնվող աշխատակիցների ուղղությամբ:  

Չբավարարվելով կատարածով,  ձկնորսների առանձին մի խումբ մոտեցրել է «Սևան» ազգային պարկ»-ի նավի հետևից կապված շուրջ 6.7մլն ՀՀ դրամ արժողությամբ մոտորանավակին, հանել թիերը, և դրանցով ու այլ առարկաներով հարվածելով վնասել այն, պոկել շարժիչն ու այլ մեխանիզմներ: Իսկ 35-ամյա անձը կտրել է  մոտորանավակը պահող ճոպանն ու  հափշտակել այն:

Բացի այդ, մոտ չորս տասնյակ անձինք, այդ թվում՝  վերոնշյալ 5 անձանցից 4-ը,  բարձրացել են «Սևան» ազգային պարկ»-ի նավի վրա, ձեռքերով, ոտքերով և այլ առարկաներով հարվածներ հասցնել աշխատակիցներին՝  նրանց պատճառվելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և ֆիզիկական ցավ:

Հանցավոր արարքների կատարման համար ինքնությունները պարզված 5 անձանցից մեկին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով,  452-րդ հոդվածի 3-րդ մասով, երկրորդին՝   297-րդ հոդվածի 3-րդ մասով և 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, մոտորանավակը հափշտակած 35-ամյա տղամարդուն՝  253-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով, մյուս երկուսին՝ միայն 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։

Նրանցից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է  ընտրվել կալանավորումը, մեկի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։

Նշված 5 մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է, և նրանց վերաբերյալ վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Խուլիգանական արարքներին մասնակցած այլ անձանց մասով նախաքննությունը շարունակվում է։

Ավելի վաղ, ինչպես տեղեկացրել էր ՀՀ քննչական կոմիտեն, ավարտվել էր նաև Գեղարքունիքի մարզի ևս մեկ՝ 27-ամյա բնակչի վերաբերյալ քրեական վարույթը։ Ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել էր, որ Սևանա լճում կատարված վերոնշյալ միջադեպից հետո, երբ Ոստիկանության ծառայողները սկսել էին իրականացնել միջոցառումներ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու և անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալելու ուղղությամբ, քաղաքացիներին ոստիկանական ավտոմեքենաների մեջ նստեցնելու ընթացքում, 27–ամյա երիտասարդը դանակով բռնություն գործադրելու սպառնալիքով, հարձակվել էր ոստիկանության ծառայողի վրա և փորձել հարվածել նրան։ Ոստիկանության ծառայողը, խույս տալով հարվածից, սայթաքել և վայր էր ընկել, իսկ 27-ամյա երիտասարդը, շարունակելով իր հանցավոր մտադրությունը և օգտվելով ոստիկանի՝ պառկած դիրքում գտնվելու հանգամանքից, դանակով հարվածել էր վերջինիս գոտկատեղի հետևի հատվածին՝ վնասելով ոստիկանական համազգեստը։

27-ամյա երիտասարդին մեղադրանք էր ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և վերջինս կալանավորվել էր։ Նրա վերաբերյալ քրեական վարույթի նյութերն ուղարկվել էին դատարան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում