Հայաստանյան քաղաքական դաշտում երկու օրակարգ կա․ մեկը խաղաղությունն է, մյուսը՝ պատերազմը. Ալեն Սիմոնյան
«Հայաստանյան քաղաքական դաշտում երկու օրակարգ կա. մեկը խաղաղությունն է, մյուսը պատերազմն է»:
Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի՝ եթե առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիրը» չձևավորի սահմանադրական մեծամասնություն, կլինի պատերազմ:
«Մեկը պահանջներ հարևանների նկատմամբ է, մյուսը տարածաշրջանում խաղաղություն հաստատելն է: Ոչ թե Նիկոլ Փաշինյանի հետ է պայմանավորվածությունը, այլ խոսքը օրակարգի, քաղաքական տեսլականի, քաղաքական դիրքորոշման մասին է:
Եթե դուք դա կենտրոնացնում ենք Նիկոլ Փաշինյանի անձի շուրջ, ապա, այո՛, թող դա լինի այդպես, և Նիկոլ Փաշինյանը թող համարվի խաղաղության խորհրդանիշ: Ես դրան ընդհանրապես դեմ չեմ:
Քաղաքական գործիչները նաև կարողանում են քաղաքական վերլուծություններ անել, նաև դրա իրավունքն ունեն, և վարչապետը՝ որպես առաջին քաղաքական գործիչներից մեկը ՀՀ-ում, դրա իրավունքն ունի, և դա գնահատական է:
Ի դեպ, ասեմ, որ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների կողմից էլ է նման բան բարձրաձայնվել և բարձրաձայնվել է ամեն տարի»,- ասել է Սիմոնյանը:
Հարցին՝ մարզեր այցելությունների ժամանակ ինչպիսին են խաղաղության վերաբերյալ քաղաքացիների կարծիքները, Ալեն Սիմոնյանը պատասխանել է՝ հասարակությունը մեծ հույս ունի, որ այս ուղղությունը կշարունակվի, իսկ իշխող ուժն էլ ասում է, որ պետք է տեր կանգնել խաղաղությանը:


Կարծիքներ