Էրդողանի կարծիքով՝ Ադրբեջանը չի խախտել եռակողմ հայտարարության դրույթները

Էրդողանի կարծիքով՝ Ադրբեջանը չի խախտել եռակողմ հայտարարության դրույթները

Ադրբեջանն ամբողջապես կատարում է եռակողմ հայտարարության դրույթները: Նման կարծիք է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Ուզբեկստանից Թուրքիա վերադառնալու ճանապարհին լրագրողներին տված հարցազրույցում:

Նա Արցախում և Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի գործողությունները որակել է որպես պաշտպանական՝ կրկնելով ադրբեջանական այն թեզը, թե եռակողմ հայտարարության դրույթների համաձայն՝ հայկական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Արցախից:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին: Մարտի սկզբից ադրբեջանական ուժերը ներխուժել են Փառուխ և Խրամորթ բնակավայրեր, հենակետեր ամրացրել Քարագլխի վրա: Ադրբեջանական կողմի այս գործողություններին արձագանքել էր Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը՝ դրանք որակելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների խախտում: Բացի այդ, ստեղծված իրավիճակին արձագանքել էին նաև ԱՄՆ պետքարտուղարությունը և Ֆրանսիայի արտգործնախարարությունը՝ ադրբեջանական կողմին կոչ անելով հետ քաշել ուժերը ելման դիրքեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում