Հեղափոխությունից առաջ պետությունն էր քաղաքացու տերը, հեղափոխությունից հետո՝ քաղաքացին պետության տերը. վարչապետ

Հեղափոխությունից առաջ պետությունն էր քաղաքացու տերը, հեղափոխությունից հետո՝ քաղաքացին պետության տերը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Քաղաքացու օրվա կապակցությամբ: Ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, 

Այսօր նշում ենք Քաղաքացու օրը եւ շնորհավորում եմ բոլորիդ այս տոնի առիթով։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչի՞ մասին է այս տոնը եւ ի՞նչ կա շնորհավորելու։ 

Քաղաքացու օրն այն մասին է, որ ժողովուրդը՝ այսինքն ՀՀ քաղաքացիների հավաքականությունն է իշխանության տերը մեր երկրում։

Արդեն 7 տարի սա անառարկելի իրողություն է Հայաստանի Հանրապետությունում, որովհետեւ բոլոր մակարդակի ընտրովի իշխանությունները ձեւավորվել են ժողովրդի ընտրության արդյունքում։ 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանում ոչ միայն որեւէ մակարդակի ընտրություն չի կեղծվել, այլեւ մոռացվել է նունիսկ երբեւէ Հայաստանում նման երեւույթի գոյություն ունեցած լինելու փաստը։

Սա շնորհավորելու մեծագույն առիթ է։ Մեր Կառավարությունը ժողովրդի ազատ կամարտահայտման երաշխավորն է, բայց նաեւ ժողովուրդն իր ազատ կամարտահայտմամբ պիտի պաշտպանի իր ազատ կամարտահայտվելու իրավունքը, ու սա չափազանց կարեւոր է։

Այս տոնը Քաղաքացու ազատության մասին է, եւ Հայաստանի Հանրապետության Քաղաքացին ազատ է․ հավաքների, խոսքի, մամուլի ազատությունը երաշխավորված են 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո, այն աստիճան, որ շատ քաղաքացիներ դա համարում են սպառնալիք իրենց ազատությանը։ Բայց այստեղ էլ Կառավարությունն ու կառավարող մեծամասնությունը շատ անելիք չունի եւ ինքնակարգավորման մեխանիզմներն են, որ պիտի ապահովեն ազատության մշակույթի հետագա զարգացումը։ Կառավարությունը երաշխավորել եւ շարունակելու է երաշխավորել Քաղաքացու ազատությունը։

Քաղաքացու օրը բարեկեցության մասին է եւ 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանի տնտեսությունն աճել է 43․5 տոկոսով, իսկ պետական բյուջեն լրացուցիչ 4․2 միլիարդ դոլար եկամուտ է ունեցել, հանգամանքներ, որ երկրում բարեկեցության ցուցիչի առաջնային գործոն են, այն բարեկեցության, որ հիմնված է օրինական եւ ստեղծագործ աշխատանքի վրա։

Քաղաքացու օրը կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության մասին է եւ 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանում հակակոռուպցիոն ինստիտուտներ են ստեղծվել․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, Հակակոռուպցիոն կոմիտե եւ երեք ատյանի դատարան, ապօրինի գույքի բռնագանձման եւ համայնքային շահերի պաշտպանության ինստիտուտ։

Հակակոռուպցիոն գործերի առաջնային նախաձեռնողն ու հակակոռուպցիոն պայքարի առաջնորդը Կառավարությունն է ու կառավարող մեծամասնությունը։ Համակարգային կոռուպցիան Հայաստանից արմատախիլ է արված, իսկ ցանցային կոռուպցիայի դեմ մղվում է ամենօրյա պայքար եւ այս պայքարում հանրային ավելի ու ավելի մեծ աջակցություն է հարկավոր։

Քաղաքացու օրը, ամենակարեւորը, պետության ու պետականության մասին է, որովհետեւ չկա Քաղաքացի առանց պետության, որովհետեւ պետությունն է Քաղաքացու ինքնությունը։

Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ Քաղաքացիներ,

2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո այս նրբության շուրջ է կաթիլ-կաթիլ լարվածություն կուտակվել, որովհետեւ Հեղափոխության առանցքային իմաստը պիտի լրումին հասնի։ Քաղաքացի–պետություն հարաբերություններում առանցքային փոփոխությունը՝ Հեղափոխությունը, առաջ եւ հետո հետեւյալն է․ Հեղափոխությունից առաջ պետությունն էր Քաղաքացու տերը, Հեղափոխությունից հետո Քաղաքացին է պետության տերը։ Այս առանցքային փոփոխությունն է, որ մեզանում պետք է դառնա ոչ միայն գիտակցություն, սոցիալ–հոգեբանություն, ավանդույթ, այլեւ ամենօրյա գործելակերպ։

Այս փոփոխությունը տեղի է ունենում, բայց ոչ առանց ներհակությունների։ Ու սա ճանապարհ է, որն անցնելով կկարողանանք ապահովել մեր բարձրագույն նպատակը՝ մեր անկախ պետության՝ Հայաստանի Հանրապետության հարատեւությունը։

Այդ ճանապարհն անցնում է արտաքին եւ ներքին քաղաքականության բարդ հանգույցների, երբեմն փլուզումների եւ ողբերգությունների միջով։ Բայց մենք անցնում ենք այդ ճանապարհը ոչ մի րոպե տեսադաշտից բաց չթողնելով Քաղաքացու առանցքային ինքնության՝ պետության շահը։ Այդ շահի շուրջ են կառուցված եղել եւ շարունակում կառուցված լինել մեր քաղաքականությունները։

Սա դժվար, բայց անխուսափելի ճանապարհ է՝ անկախության, ինքնիշխանության, պետական գիտակցության ու խաղաղության ճանապարհ, եւ այդ ճանապարհը մենք անցնելու ենք առանց ծափահարությունների ակնկալիքի։

Փա՛ռք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության Քաղաքացին»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում