Երևանի ավագանու անդամները՝ Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու նախաձեռնության մասին

Երևանի ավագանու անդամները՝ Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու նախաձեռնության մասին

Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ամենայն հավանականությամբ առաջիկա 10 օրերի ընթացքում պաշտոնանկ կարվի: Նշվում էր, որ քաղաքապետարանի ավագանու 60 անդամներից մոտ 48-ը քաղաքապետին հեռացնելու համար  համապատասխան ստորագրություններ են հավաքել:

Տարածված տեղեկությունները ճշտելու համար Իրավաբան․net-ը կապ հաստատեց Երևանի ավագանու տարբեր խմբակցությունների անդամների հետ:

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը մեզ հետ զրուցում ասաց, որ նման տեղեկություն չունի և ստորագրելու առաջարկ չի ստացել:

«Քանի որ «Լույս» խմբակցությունը այս պահի դրությամբ կազմված է երեք իրարից անկախ քաղաքական ուժերի ներկայացուցիչներից, չեմ կարող ասել, թե ինչպես կքվեարկենք: Համենայնդեպս, երբ ստորագրության առաջարկը ստանանք, մեր քաղաքական թիմի ներսում կորոշենք՝ ստորագրել, թե ոչ»,- ասաց Անի Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ եթե հաստատվի Մարության-Քոչարյան ենթադրյալ հանդիպման մասին տեղեկությունը, անձամբ ինքն է նախաձեռնելու ստորագրահավաք՝ Մարությանին հեռացնելու համար:

Ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանն էլ ասաց, որ իրենց նման առաջարկով դեռ չեն դիմել․ «Լուրեր պտտվում են: Սպասենք, երբ կդիմեն այդ ժամանակ արդեն կքննարկենք մեր խմբակցությունով և կտանք մեր գնահատականը»։

Ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովն էլ նշեց, որ չի բացառում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից նման առաջարկը։

««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները պարբերաբար իրենց ելույթների ժամանակ անդրադարձներ կատարում են և վերջին օրերին մամուլում շրջանառվող լուրերն, որոնք մասամբ հերքվեցին, մասամբ անպատասխան մնացին, ցույց է տալիս, որ ինչ-որ բան է նախապատրաստվում»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ ամբողջ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում միակ եզակի աշխատող կառույցը Երևանի քաղաքապետարանն է և տպավորություն է, որ մարդիկ կան, որոնք չեն երկիրն ու քաղաքը զարգանան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում