Արման Բաբաջանյանը «Իմ քայլի» նախագծում վեթինգի տարրեր է տեսնում, նա կողմ կքվեարկի

Արման Բաբաջանյանը «Իմ քայլի» նախագծում վեթինգի տարրեր է տեսնում, նա կողմ կքվեարկի

ՀՀ ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ողջունում է «Իմ քայլի» պատգամավորների՝ դատական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը՝ դրանում տեսնելով վեթինգի տարրեր:

Բաբաջանյանը նման տեսակետ հայտնեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը:

Արման Բաբաջանյանը ողջունեց նախագիծը: «Իմ համոզմամբ՝ այն ինչ-որ առումով վեթինգի տարրեր է պարունակում»,-ասաց Բաբաջանյանն  ու հավելեց, որ ինքը լիելու է ցանկացած ողջամիտ նախաձեռնության կողքին, որ նպատակ ունի դատական համակարգն առողջացնելու:

Սակայն պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչու Արդարադատության նախարարը ներկա չէ, ինչու չի ներկայացվում նախարարության դիրքորոշումը՝ ներկայացված առաջարկի վերաբերյալ:

Պատգամավորի կարծիքով, սակայն, կրկին կցկտուր լուծումներ են տրվում: «Այն դեպքում, երբ վերջին օրերին մենք ակնհայտորեն տեսնում ենք, թե դատական համակարգն ինչպես է փորձում «ատամ ցույց տալ» երկրում որոշ գործընթացների վերաբերյալ: Եվ դա ակնհայտորեն քաղաքական դիրքորոշում է, հստակ դիրքավորում է՝ ընդդեմ ժողովրդավարության»,-ասաց Բաբաջանյանն ու կարծիք հայտնեց, որ ԱԺ-ի գլխավոր առաքելությունն է ժողովրդավարությունը պաշտպանել այդպիսի դատավորներից:

Ամբողջական բեռը ԲԴԽ-ի վրա թողնելու առումով, սակայն, պատգամավորը խնդիր է տեսնում: «Չեմ համարում, որ այն համամասնությունը, որ այսօր ԲԴԽ-ում առկա է, ի վիճակի է իր վրա կրել այդ բեռը, բայց, այնուամանեյնիվ, ես կարծում եմ, որ նախագիծը քայլ առաջ է, և ես լինելու եմ կողմ քվեարկողներից»,- ասաց Բաբաջանյանը:

Քննարկվող նախագծերի փաթեթի ընդունման դեպքում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ՀՀ արդարադատության նախարարից և Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովից բացի, ԲԴԽ-ին դիմելու իրավունք կունենան նաև ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ իրենց մասնակցությամբ կոնկրետ գործերով, եթե առերևույթ առկա է էական կարգապահական խախտման որոշակի հիմք: Այս դեպքում քաղաքացու կամ իրավաբանական անձի դիմումն ինքնին առիթ է լինելու հարցը ԲԴԽ-ի կողմից քննելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում