ԱՄՆ-ն Սուդանին հանել է միջազգային ահաբեկչությանը հովանավորող երկրների ցուցակից
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Սուդանը միջազգային ահաբեկչությանը հովանավորող երկրների ցուցակից հանելու վերաբերյալ ծանուցագիր է ստորագրել: Այս մասին ասված է Խարթումում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Փաստաթղթում նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն «ծանուցում է ստորագրել, որի համաձայն՝ Սուդանը ահաբեկչության հովանավոր երկրների ցուցակից դուրս կգա դեկտեմբերի 14-ից»։
ԱՄՆ պետդեպարտամենտի տարածած հայտարարության մեջ նաև ասվում է, որ այդ որոշումը երկկողմ հարաբերություններում «հիմնարար փոփոխություն է»։
Իր հերթին, ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը նշել է, որ Վաշինգտոնը պատրաստ է օգնություն ցուցաբերել Սուդանի կառավարությանը, որպեսզի վերջինս ձերբազատվի միջազգային ֆինանսական ինստիտուտների հանդեպ երկրի պարտքերից։
Հոկտեմբերի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում էր կայացրել Սուդանը հանել միջազգային ահաբեկչությանը հովանավորող երկրների ամերիկյան ցուցակից: Պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ԱՄՆ-ում ահաբեկչության զոհերին 335 միլիոն դոլար վճարելու՝ Սուդանի համաձայնության դիմաց։
ԱՄՆ-ն Սուդանը ահաբեկչության հովանավոր պետությունների ցուցակի մեջ էր մտցրել 1993 թվականի օգոստոսի 12-ին։
Կարծիքներ