ԱՄԷ-ում գենդերային հավասարությունը ապահովվում է ինչպես օրենսդրական, այնպես էլ պետական մակարդակով
Հարցազրույց ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար տկն․ Ահլամ Ռաշիդ ալ Սալամիի հետ:
Տիկին Ալ Սալամի խոսենք Էմիրություններում գենդերային հավասարությունից, կնոջ դերից, որքանո՞վ է կարևորված կնոջ ներգրավվածությունը տարբեր ոլորտներում։
Էմիրություններում գենդերային հավասարությունը ապահովվում է ինչպես օրենսդրական, այնպես էլ պետական մակարդակով։ ԱՄԷ-ում գործում է գենդերային հավասարակշռության խորհուրդ, որի գործունեության նպատակն է նվազեցնել գենդերային անհավասարությունը բոլոր պետական հատվածներում, բարձրացնել ԱՄԷ-ի վարկանիշը գենդերային հավասարության համաշխարհային մրցունակության մեջ, ինչպես նաև որոշումների կայացման դիրքերում հասնել գենդերային հավասարության և խթանել ԱՄԷ-ի կարգավիճակը որպես գենդերային հավասարակշռության օրենսդրության նշաձող:
Ներկայումս ԱՄԷ գենդերային հավասարակշռության խորհուրդը մշակում է ամբողջ կառավարության համար գենդերային հավասարակշռության ռազմավարություն։
Արդյոք Էմիրություններում կանայք մասնակցո՞ւմ են պետական կառավարման գործընթացին և եթե այո, ապա ի՞նչ մակարդակով։
Կանայք վաղուց արդեն հավասար գործընկերներ են մեր ազգի զարգացման գործում, և ԱՄԷ-ն առաջատարն է կանանց քաղաքական մասնակցության հետ կապված գենդերային հավասարության չափման մեջ:
2019 թվականի ընտրություններից հետո կանայք կազմում են Դաշնային ազգային խորհրդի կեսը: Համաձայն ԱՄՀ Համաշխարհային մրցունակության 2020 թ․-ի տարեգրքի ԱՄԷ-ն զբաղեցնում է առաջին տեղը կանանց խորհրդարանական ներկայացուցչության ցուցիչում:
2021 թ.-ի դրությամբ, ԱՄԷ-ի Դաշնային կաբինետը ներառում է ինը կին, ինչն ըստ էության կառավարության անդամների գրեթե մեկ երրորդն է և Մերձավոր Արևելքի ամենաբարձր համամասնություններից մեկը:
Նրանց թվում է նաև Նորին Գերազանցություն տկն․ Շամմա Ալ Մազրուին, ով նշանակվել է Երիտասարդության հարցերի պետական նախարար 22 տարեկանում՝ դառնալով աշխարհի ամենաերիտասարդ նախարարը:
ԱՄԷ-ի Արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության աշխատակիցների 49,5% -ը կանայք են, իսկ ԱՄԷ դիվանագետների շարքում կանայք կազմում են գրեթե մեկ երրորդը: ԱՄԷ-ն ունի կին դեսպաններ այնպիսի խոշոր դիվանագիտական ներկայացուցչություններում, ինչպիսիք են ՄԱԿ-ի առաքելությունը Նյու Յորքում և ԱՄԷ դեսպանությունները Գերմանիայում, Նիդեռլանդներում, Ֆինլանդիայում, Դանիայում և Լատվիայում:
Իսկ որքանո՞վ են կանանց իրավունքները պաշտպանված մասնավոր սեկտորում աշխատելու դեպքում։
Համաձայն ազգային օրենսգրքի կանայք հավասար իրավունքներ ունեն տնտեսական ռեսուրսների նկատմամբ: 2018 թվականին ԱՄԷ կաբինետը հաստատեց օրենք, ըստ որի ԱՄԷ-ի աշխատանքային օրենսդրությունը նախատեսում է հավասար աշխատավարձ կին և տղամարդ աշխատողների համար, եթե նրանք կատարում են նույն աշխատանքը: Սա վերաբերում է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր սեկտորին:
2012 թվականին ԱՄԷ-ի կաբինետը սկսեց կառավարական մարմիններից պահանջել տնօրենների խորհուրդներում ընդգրկել կանանց։ Այս պահանջով ԱՄԷ-ն միացավ Նորվեգիային, Մալազիային, Իսպանիային, Ֆրանսիային և դառձավ առաջին արաբական երկիրը, որն ընդունեց այս կանոնակարգը:
Իսկ 2020 թվականին ԱՄԷ-ն դարձավ առաջին արաբական երկիրը, որը ներմուծեց 10-օրյա ընդհանուր ծնողական արձակուրդ և 5-օրյա հայրության արձակուրդ: Այս կերպ աջակցելով աշխատող մայրերին և խթանելով ընտանեկան ու սոցիալական համախմբվածությունը:
Ինչպիսի՞ բարեփոխումներ է իրականացնում ԱՄԷ կառավարությունը էմիրաթցի կանանց համար կրթությունը հավասարապես հասանելի դարձնելու համար։
Այսօր տղամարդկանց և կանանց գրագիտության մակարդակը կազմում է մոտավորապես 95 տոկոս, և ավելի շատ կանայք, քան տղամարդիկ են ավարտում միջնակարգ կրթությունը և ընդունվում համալսարանական և հետբուհական հաստատություններ:
Օրինակ 2020-21 թվականների ուսումնական տարվա համար բակալավրի ծրագրերում դիմորդների 75% -ը կանայք են եղել, իսկ 2019-20 թվականների ուսումնական տարվա կին շրջանավարտները կազմել են 62%-ը։ Այս առիթով ուզում եմ նաև նշել, որ 2019-20 թվականների գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտում ԱՄԷ պետական համալսարանների շրջանավարտների 61%-ը նույնպես կանայք էին:
Հատկապես ուշագրավ էր իմանալ Էմիրաթցի առաջին կին օդաչու տիկին Մարիամ ԱլՄանսուրիի մասին։ Լինելով իսլամական երկիր՝ որքանո՞վ են Էմիրություններում կանայք ներգրավված երկրի պաշտպանության ոլորտում։
Իրականում ԱՄԷ-ն ունի արդեն չորս կին մարտական օդաչու, իսկ 30 կին վերապատրաստում է անցել երկրի հատուկ անվտանգության ուժերի հետ աշխատելու համար։
2014 թվականի սեպտեմբերին ԱՄԷ-ն բացեց տարածաշրջանում կանանց համար առաջին ռազմական քոլեջը՝ «Khawla bint Al Azwar» ռազմական դպրոցը: Այս նորագույն ռազմական քոլեջն իրականացնում է համաշխարհային կարգի ուսուցում, ֆիզիկական պատրաստվածության և առաջնորդության դասընթացներ:
Բացի այդ, 2019 թվականին մեկնարկել է ՄԱԿ-ի Կանանց խաղաղության և անվտանգության դասընթացների ծրագիրը, որը նախապատրաստում է Մերձավոր Արևելքից, Ասիայից և Աֆրիկայից ժամանած կանանց ռազմական և խաղաղապահ ուժերում ծառայության անցնելու համար: Ծրագիրը հովանավորվում է ԱՄԷ կառավարության կողմից։ 2019-ից և 2020-ը ընկած ժամանակահատվածում ծրագիրը ավարտել են ավելի քան 350 կին:
Փաստորեն Էմիրություններում կանայք ներգրավված են գրեթե բոլոր հասարակական և քաղաքական ոլորտներում։ Կա՞ արդյոք որևէ ոլորտ, որը կանանց դեռ հասանելի չէ, օրինակ՝ տիեզերագնացության ոլորտը։
Կանայք իրականում ԱՄԷ-ի տիեզերագնացության ծրագրի թիկունքում գտնվող թիմի 70% են կազմում, և ընդհանուր առմամբ ԱՄԷ տիեզերական գործակալության աշխատողների 40% -ը կանայք են:
Ցանկանում եմ նաև նշել, որ Էմիրությունների «Մարս առաքելություն» ծրագիրը հաջողությամբ իրականացվեց հենց երիտասարդների և կանանց ջանքերի շնորհիվ։ Նախագծի գիտական ղեկավար ԱՄԷ առաջատար տեխնոլոգիաների պետնախարար Նորին Գերազանցություն տիկին Սառա Ալ Ամիրին ոգեշնչման խորհրդանիշ է մասնավորապես ԱՄԷ երիտասարդների և կանանց համար: Նախագծի մեկնարկին դրա մեջ ներգրավված ինժեներների բոլորի տարիքը 30 տարեկանից ցածր էր։ Թիմի միջին տարիքը այժմ 27 տարեկանն է:
Էմիրությունների «Մարս առաքելության» գիտական թիմում ներգրավված գիտնականների 80% -ը և տեխնիկական թիմի երրորդ մասը կանայք էին: Նրանց օրինակը արդեն իսկ ոգեշնչել է էմիրաթցի երիտասարդ կանանց նոր խմբին և ավելի քան 1400 կին վերջերս դիմել են միանալու Էմիրությունների «Մարս առաքելություն» ծրագրին։
Իսկ ի՞նչ կմաղթեք հայ կանանց և աղջիկներին միամսյակի առթիվ։
Հայաստանում իմ դիվանագիտական առաքելության ընթացքում ես հանդիպել եմ բազմաթիվ հայ կանանց և աղջիկների, ովքեր աշխատում են տարբեր պետական և մասնավոր ոլորտներում և նկատել եմ, թե որքան եռանդուն և արդյունավետ են նրանք իրենց աշխատանքի մեջ։ Այս տեսանկյունից մաղթում եմ հայ կանանց նորանոր ձեռքբերումներ երկրի բարձրագույն ատյաններում, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ խաղաղություն և հարատև բարգավաճում։
ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանություն
Կարծիքներ