Շահրամանյանի թիկնապահը ձերբակալվել է թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով

Շահրամանյանի թիկնապահը ձերբակալվել է թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով

Ձերբակալվել է Սամվել Շահրամանյանի «ախրանիկ» Աշոտ Դանիելյանը:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց Ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

«Երեկ Մոսկովյան փողոցից քրեական ոստիկանության և պարեկային ծառայության աշխատակիցները՝ թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել են մի քաղաքացու, որին տեղափոխել են կենտրոնական բաժին, այնուհետև ներկայացրել նախաքննական մարմին»,- նշեց նա։

Քննչական կոմիտեից էլ մեզ հետ զրույցում փոխանցեցին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի  (թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր, դրանց պատրաստուկներ կամ դրանց համարժեք նյութեր կամ պրեկուրսորներ հափշտակելը) 1-ին մասի և 396-րդ հոդվածի 1-ի մասի հատկանիշներով:

«Բերման ենթարկված անձը քննիչի որոշմամբ ձերբակալվել է թմրամիջոց պահելու և իրացնելու հիմնավոր կասկածով»,- մանրամասնեցին ՔԿ-ից:

Նշանակվել է փորձաքննություն, նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ Մամուլի հրապարակումների, Սամվել Շահրամանյանի «ախրանիկ» Աշոտ Դանելյանին քրեական ոստիկանության և պարեկային ծառայության աշխատակիցները թմրանյութ օգտագործելու և պահելու կասկածանքով բերման են ենթարկել:

Լեռնային Ղարաբաղի լուծարման հրամանագիրը ստորագրած Սամվել Շահրամանյանը, շրջապատված անձնական «ախրանայով», այցելել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ միջադեպ էր տեղի ունեցել: 

Վերջինիս «ախրանիկներից» մեկը աչքի էր ընկել ագրեսիվ վարքագծով՝ փորձելով խոչընդոտել լրատվամիջոցներից մեկի օպերատորի աշխատանքը: Նա ձեռքով փակել էր 24News կայքի օպերատորի տեսախցիկը՝ հնչեցնելով անպարկեշտ արտահայտություններ՝ մասնավորապես ասելով. «Ս...ր ստեղաց շուտ»: 

Այս միջադեպից ժամեր անց Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները հայտարարություն են տարածել՝ հայտնելով, թե ցավում են տեղի ունեցած միջադեպի համար՝ հայցելով ներողամտություն:

Նշվում է, որ Շահրամանյանն էլ միջադեպից ժամեր անց հանդիպել է լրատվամիջոցի ներկայացուցիչների հետ, դատապարտել կատարվածը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում