Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի արձանագրության վավերացումը հավանության արժանացավ
ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի` հաղորդագրություններ ներկայացնելու կարգի վերաբերյալ կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին հարցին:
Հարցը հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը:
«Արձանագրությունը հնարավորություն է տալիս երեխայի իրավունքների կոմիտեին` ստանալու հաղորդագրություններ երեխաներից, որոնք վերաբերում են երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով, ինչպես նաև դրա երկու կամընտիր արձանագրություններով, մասնավորապես, «Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մասին» կամընտիր արձանագրության և «Զինված հակամարտություններին երեխաների մասնակցության վերաբերյալ» կամընտիր արձանագրություններով երաշխավորված իրավունքների ապահովմանը»,- ասաց Գրիգորյանը:
Փոխնախարարը հավելեց, որ արձանագրության վավերացմամբ` Հայաստանի Հանրապետությունը ստանձնելու է պարտավորություն` պատշաճ ուշադրություն դարձնել իր իրավազորության ներքո գտնվող անձանց բողոքների վերաբերյալ կոմիտեի տեսակետներին և առաջարկություններին:
Հայաստանի Հանրապետությունը «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի` հաղորդագրություններ ներկայացնելու կարգի վերաբերյալ կամընտիր արձանագրությունը ստորագրել էր 2019թ.:
Կարծիքներ