Ինչ ունեցվածք ունի Ռոբերտ Քոչարյանը հիմա եւ ինչ ուներ 2002-ին

Ինչ ունեցվածք ունի Ռոբերտ Քոչարյանը հիմա եւ ինչ ուներ 2002-ին

«Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:

Ըստ այդ հայտարարագրի՝ նա ունի 2 անշարժ գույք՝ 1 բնակարան 195.83 քմ մակերեսով Ստեփանակերտում եւ 1 բնակելի տուն՝ 1715.7 քմ մակերեսով՝ Երեւանի Իսակովի Պողոտայում:

Որպես եկամուտ՝ Քոչարյանը հայտարարագրել է կորպորատիվ պարտատոմս՝ 28 մլն 915 հազար դրամի չափով, բանկային ավանդից՝ 78 հազար 155 դոլար եւ «Սիստեմա» ԲՖԿ-ից վարձատրություն՝ 199 հազար 300 դոլարի չափով:

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Քոչարյանն ունեցել է 980 մլն դրամ եւ 1 մլն 927 հազար դոլար: Նա ունի 0.0306% բաժնետոմս «Սիստեմա» ԲՖԿ-ում:

«Հայաստան» դաշինքից թեկնածու առաջադրված Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը, հայտարարագրել է 3 անշարժ գույք: Մասնավորապես՝ 226 քմ մակերեսով բնակարան Աբովյան փողոցում, 20 քմ մակերեսով ավտոտնակ՝ դարձյալ Աբովյան փողոցում եւ 203 քմ գրասենյակային տարածք՝ Վազգեն Սարգսյան փողոցում, որտեղ համասեփականատեր է:

Լեւոն Քոչարյանը հայտարարագրել է 2 ավտոմեքենա՝ «Toyota RAV4 2.5»՝ 2013 թվականի արտադրության եւ «Toyota Camry 3.5P»՝ 2019 թվականի արտադրության:

Որպես եկամուտ՝ կրտսեր Քոչարյանը հայտարարագրել է «Նաիրի Ինշուրանս»-ից ստացված 604 մլն 200 հազար դրամ շահույթ, «Մենեջմենթ Սիսթեմզ Ինթերնեյշնլ»-ից վարձակալությունից ստացված 14 մլն 997 հազար 775 դրամ եւ աշխատավարձ «Նաիրի Ինշուրանս»-ից՝ 17 մլն 694 հազար դրամ:

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությաբ նա ունեցել է 161 մլն 280 հազար 640 դրամ եւ 395 հազար 459 դոլար:

Լեւոն Քոչարյանը 60 տոկոս բաժնեմաս ունի «Նաիրի Ինշուրանս»-ում, 0.70 տոկոս բաժնետոմս՝ «Էքզել Աութդորս»-ում, 50 տոկոս բաժնեմաս՝ «Զեմկոմինվեստ»-ում եւ 33.3 տոկոս՝ «Սփեյս Մենեջմենթ»-ում:

Ուշագրավ է, որ 2002 թվականին, երբ բարձրաստիճան պաշտոնյաներն առաջին անգամ ներկայացրել էին իրենց գույքի եւ եկամուտների հայտարարագրերը, Ռոբերտ Քոչարյանը հայտարարագրել էր 148 քառակուսի մետր մակերեսով բնակելի տարածք եւ 3,2 մլն դրամ աշխատավարձ տարեկան: Որեւէ այլ միջոցներ կամ գույքեր վերջինս չէր հայտարարագրել:

Նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2002-ին հայտարարագրել էր 23 մլն դրամ տարեկան եկամուտ եւ «Ժիգուլի» մակնիշի ավտոմեքենա՝ 1999 թվականի արտադրության:

Աղբյուրը՝ Հայկական ժամանակ

Հետևեք մեզ նաև Տելեգրամում