Վճռաբեկ դատարանը բավարարել է ՄՊՀ-ի վճռաբեկ բողոքը՝ ձևավորելով ուղենշային մոտեցումներ

Վճռաբեկ դատարանը բավարարել է ՄՊՀ-ի վճռաբեկ բողոքը՝ ձևավորելով ուղենշային մոտեցումներ

Վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/12665/05/18 վարչական գործով 2022 թվականի մայիսի 10-ի որոշմամբ ամբողջությամբ բավարարել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի վճռաբեկ բողոքը՝ բեկանելով Վերաքննիչ վարչական դատարանի որոշումը և, ըստ էության, վերահաստատելով «Արմեն-Համիկ եղբայրներ ՀՁ» ՍՊԸ նկատմամբ 15 000 000 ՀՀ դրամի չափով տուգանք նշանակելու մասին Հանձնաժողովի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 153-Ա որոշման իրավաչափությունը։

Վճռաբեկ դատարանը հիշյալ որոշմամբ ձևակերպել է հետևյալ կարևոր մոտեցումները.

1. Տնտեսվարող սուբյեկտի կողմից որևէ աղբյուրում, օրինակ՝ ներմուծման փաստաթղթերում, արձանագրված որոշակի ապրանքն այլ անվանումով իրացնելը պարունակում է հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներ, ընդ որում՝ էական չէ՝ տնտեսվարող սուբյեկտը հանդես է գալիս որպես արտադրո՞ղ, թե՞ ներմուծող:

2. Հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներ առկա են ոչ միայն ապրանքն անմիջապես սպառողին, այլև իրավաբանական անձին իրացնելու դեպքում:

3. Տնտեսվարող սուբյեկտի կողմից իրավախախտման կատարման փաստի նույնիսկ անուղղակի ձևով ընդունումը արժևորվում է իրավախախտման առկայությունը փաստելու համար:

4. Արարքը հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն որակելիս քննարման ենթակա են միայն արձանագրված կոնկրետ ապրանքի բնութագրերի հետ կապված հարցերը, և նույն խմբաքանակին առնչվող այլ ապրանքների բնութագրերի վերաբերյալ փաստերը որևէ նշանակություն չունեն։ Ընդ որում՝ եթե ուղեկցական փաստաթղթերով հիմնավորվում են ապրանքի բաղադրության վերաբերյալ համապատասխան տվյալներ, ապա դրանք պարզելու նպատակով փորձաքննության անհրաժեշտություն չկա։

Հիշեցնենք, որ «Արմեն-Համիկ եղբայրներ ՀՁ» ՍՊԸ-ն վիճարկում էր Հանձնաժողովի որոշումը, որը կայացվել էր հասարակության մոլորեցմամբ անբարեխիղճ մրցակցության համար, մասնավորապես՝ «Արմեն-Համիկ եղբայրներ ՀՁ» ՍՊԸ-ն կաթ պարունակող մթերքն իրացրել էր որպես խտացրած կաթ, որը հնարավորություն չէր տվել ամբողջական պատկերացում կազմել իրացվող ապրանքի վերաբերյալ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում