Քաղաքական խորհրդակցություններ են կայացել Հայաստանի Հանրապետության և Բելգիայի Թագավորության ԱԳ նախարարությունների միջև
Մարտի 30-ին Բրյուսելում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Բելգիայի Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, բելգիականը՝ ԱԳՆ երկկողմ հարցերով գլխավոր տնօրեն Ժերոան Կորմանը։
Զրուցակիցները երկուստեք բարձր են գնահատել Հայաստանի և Բելգիայի միջև արդյունավետ և կառուցողական երկխոսությունը, կարևորել համագործակցությունը երկկողմ, ինչպես նաև՝ բազմակողմ շրջանակներում:
Առևտրատնտեսական համագործակցության համատեքստում՝ կողմերը մասնավորապես ընդգծել են ներդրումային և գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի կարևորությունը։
Մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ, անդրադարձ է կատարվել միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն ու փոխադարձ աջակցությանը, ինչպես նաև՝ Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգին։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրավիճակին։ Այդ համատեքստում կարևորվել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։
Պարույր Հովհաննիսյանը երախտագիտություն է հայտնել Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի ընթացքում և դրան հաջորդած ժամանակաշրջանում Բելգիայի Ներկայացուցիչների պալատի, Սենատի, Ֆլանդրիայի և Վալոնիայի տարածաշրջանների խորհրդարանների դիրքորոշման և աջակցության, ինչպես նաև՝ երկկողմ ու բազմակողմ հարթակներում Բելգիայի կառավարության կողմից խնդրի բարձրացման համար։
Այցի շրջանակներում ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ ելույթ է ունեցել Եվրոպական քաղաքականության կենտրոնում:
Կարծիքներ