Թուրքիան Իրանի հետ սահմանին պատ կկառուցի

Թուրքիան Իրանի հետ սահմանին պատ կկառուցի

Ժամանակակից Թուրքիայի տարածքում գտնվող Վան նահանգի ղեկավար Մեհմեդ Էմին Բիլմեզը, միգրացիոն ճնշման ֆոնին, հայտարարել է, որ Իրանի հետ սահմանի երկայնքով 64 կիլոմետր երկարությամբ պատ կկառուցվի: Դրա շինարարությունը կավարտվի 2021 թվականի վերջին, այնուհետև կկառուցվի 63 կմ երկարությամբ այլ պատ: Նահանգապետն ընգծել է, որ սահմանային պատին կից կկառուցվի 160 կիլոմետրանոց խրամատ, հայտնում է Ahval թերթը:

Պատը ռազմականացված բնույթ կունենա՝ 58 դիտորդական և 45 հաղորդակցական աշտարակներով, որոնք հագեցած կլինեն ջերմային տեսախցիկներով (մթության մեջ պատկերներն են ֆիքսում), ռադարներով, սենսորներով և կրակի կառավարման համակարգերով։

Պատ կառուցելու որոշումը կապված է աֆղանստանցի փախստականների հնարավոր ներհոսքով դեպի Թուրքիա, ինչը պայմանավորված է ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո Աֆղանստանում թալիբների կտրուկ ակտիվացմամբ։

Թուրք-իրանական սահմանն ունի 534 կմ երկարություն. այն շատ հաճախ հատում են աֆղանստանցի փախստականները` փախչելով հայրենիքում ռազմական գործողություններից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում