Ադրբեջանը համարում է՝ ԼՂ հիմնախնդիրը լուծված է, Հայաստանը՝ լուծված չէ. Փաշինյան
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը հարց ուղղեց Բրյուսելում կայացած Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարության մասին: Եղոյանը մեջբերեց Միշելի խոսքերն առ այն, որ «անհրաժեշտ է անդրադառնալ Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներին և անվտանգությանը»:
«Հայկական մեդիատիրույթում այս խոսքերը տարբեր կերպ մեկնաբանվեցին, շահարկվեցին, թե սա նշանակում է, որ Արցախի ինքնորոշման իրավունքը դուրս է մղվում օրակարգից, թե ԵՄ-ն ևս չի դիտարկում Արցախի առանձին կարգավիճակի հնարավորությունը, թե սա հետնահանջ է ԵԱՀԿ ՄԽ օրակարգից»,- նշեց Եղոյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ մանրամասնեց կայացած քննարկումը:
«ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներից առնվազն երկուսը ողջունել և աջակցել են այդ բանակցություններին, քննարկումներին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող հանդիսացող երկիրը վերահաստատել է այն սկզբունքները, որոնք դրված են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործում: Ուզում եմ հիշեցնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող հանդիսացող Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ մեր երկկողմ հայտարարության մեջ արձանագրվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կարևորությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության պոտենցիալի օգտագործումը այդ առումով:
Բրյուսելում Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ տեղի է ունեցել շատ լուրջ քննարկում և դրա արդյունքներով արձանագրվել են Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումների տարբերությունները: Դրանք արտահայտված են հրապարակայնորեն: Ադրբեջանը համարում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված է, Հայաստանը համարում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված չէ:
Խաղաղության համաձայնությունների հնարավոր համատեքստում, դուք գիտեք, որ Ադրբեջանը ներկայացրել է իր հինգ սկզբունքները, մենք ներկայացրել ենք մեր դիտարկումները և օրակարգն այդ կապակցությամբ և ասել ենք, որ այդ հենքի վրա պետք է տեղի ունենան բանակցություններ: Մեր առաջադրած սկզբունքներում արձանագրված են ԼՂ հայության անվտանգությունը, իրավունքները և ԼՂ վերջնական կարգավիճակի ճշգրտումը:
Քանի որ քննարկումների արդյունքում համաձայնություն չի ձևակերպվել կողմերի միջև ձևակերպումների շուրջ, Եվրամիության խորհրդի նախագահը որոշել է իր կողմից անել քոմենթներ, որոնք իր կարծիքով կամ իր տեսակետով հնարավորինս շատ էլեմենտներ կարտահայտեր երկու կողմերի դիրքորոշումներից: Ինչքանով է ստացվել կամ ճշգրիտ, ուրիշ քննարկման հարց է, այլ բան, որ մենք մեր դիրքորոշումներն արտահայտել ենք և դրանց մեջ որևէ փոփոխություն չկա, մենք շարունակելու ենք հետևողականորեն գնալ այդ ճանապարհով»,- ասաց Փաշինյանը:
Կարծիքներ