Հարվածել է իրեն դիտողություն արած անձին, կրակել․ ավարտվել է «Մուսալեռ» հյուրանոցում սպանության դեպքի քննությունը․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Մուսալեռ» հյուրանոցային համալիրում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ քննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2016թ. հունվարի 6-ին Արմավիրի մարզի «Մուսալեռ» հյուրանոցային համալիրում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ Արթուր Բաբայանը, Արմեն Պառավյանի հետ, խմբի կազմում, համալիրի աշխատակիցների հասցեին տվել են սեռական բնույթի հայհոյանքներ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը:
Դրանից հետո Ա.Բաբայանը` սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված, իրեն կարգի հրավիրելու` Սմբատ Խլղաթյանի դիտողությունից վրդովված, իր կողմից ապօրինի ձեռք բերած ու կրած հրազենի բռնակով հարվածել է Արմեն Խլղաթյանի գլխին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Որից հետո, Ա.Բաբայանը երկու և ավելի անձանց ապօրինի կերպով կյանքից զրկելու դիտավորությամբ, խուլիգանական դրդումներով՝ նույն հրազենից կրակել է Տարոնիկ գյուղի բնակիչ Արամ Կարապետյանի ուղղությամբ, ինչի արդյունքում ստացած հրազենային վնասվածքից վերջինս մահացել է:
Այնուհետև, կրկին շարունակելով հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, Բաբայանը նույն հրազենից կրակել է Արմեն Խլղաթյանի ուղղությամբ՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք, որից հետո իր հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով, նա նույն հրազենն ուղղել է համալիրի հետնամուտքի դռնից դուրս եկած Սմբատ Խլղաթյանի կողմ և ձգանը մի քանի անգամ քաշելով փորձել կրակել, սակայն ատրճանակը խափանվելու հետևանքով հանցագործությունն ավարտին չհասցնելով, դիմել է փախուստի:
Ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ՝ Ա.Բաբայանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ու 10-րդ կետերով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամաբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նշենք որ, քրեական գործով բոլոր անձանց գործողություններին տրվել են քրեաիրավական գնահատականներ՝ քրեադատավարական կարգին համապատասխան:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Կարծիքներ