Հրաչյա Հակոբյանի հետ փոխկապակցված դատական նիստի օրերը հայտնի են
Սեպտեմբերի 8-ին տեղի կունենա Աննա Հակոբյանն ու Հրաչյա Հակոբյանն ընդդեմ Միքայել Մինասյիանի դատական նիստը։ Այս մասին Freenews.am-ի հետ զրույցում ասաց գործով փաստաբան Լիլիթ Ենոքյանը։
«Դատավորն է Արմենուհի Բադինյանը։ Ներկայացվել է հրապարակային ներողություն խնդրելու և զրպարտություն հանդիսացող տվյալները հրապարակայնորեն հերքելու, ինչպես նաև պատվին և արժանապատվությանը ու գործարար համբավին պատճառված վնասը փոխհատուցելու պահանջ, որպես փոխհատուցում պահանջել ենք օրենքով սահմանված առավելագույն չափը 2 000 000 դրամ»,- ասաց Ենոքյանը։
Նշենք նաև՝ Հրաչյա Հակոբյանը ևս մեկ հայց է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Արթուր Դանիելյանի, Նարեկ Սամսոնյանի, Մարինա Խաչատրայնի և Գագիկ Համբարյանի։
«Այս դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին, դատավորն է Դանիել Մխեյանը, այստեղ ևս նույն պահանջն է ներկայացվել։ Ասեմ, որ այս գործով Արթուր Դանիելյանը հայցադիմումի պատասխան է ներկայացրել դատարան, նշելով որ իր հրապարակմամբ Հրաչյա Հակոբյանին նկատի չի ունեցել և դրա հետ կապված նրա վերաբերյալ երբևէ հրապարակում չի արել»,- ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ Արթուր Դանիելյանը Նարեկ Սամսոնյանը, Մարինա Խաչատրյանը և Գագիկ Համբարյանը սոցցանցերում լուրեր էին տարածել, թե ԱԺ «իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը մաքսանենգ ճանապարհով Ռուսաստանի Դաշնություն ծխախոտ են տեղափոխել։ Հակոբյանը հերքել է այդ լուրերը և դատի տվել ապատեղեկատվություն տարածողներին։ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած «Պոպուլիզմ ու թալան. Պետական օլիգարխն ու մի ինքնաթիռ մաքսանեանգ ծխախոտը» վերնագրով տեսանյութում Մինասյանը զրպարտել է Աննա և Հրաչյա Հակոբյաններին և ապատեղեկատվություն տարածել։ Նրանք այս լուրերը հերքել են և դիմել դատարան:
Կարծիքներ