Թբիլիսիում բացվել է Մահաթմա Գանդիի հուշարձանը
Վրաստան կատարած այցի շրջանակներում Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը բացել է Հնդկաստանի ազգային ազատագրական և ոչ բռնի շարժման առաջնորդ, պետական գործիչ Մահաթմա Գանդիի 150-ամյակին նվիրված հուշարձանը: Հաղորդում է 1tv.ge-ն ։
Հնդիկ քանդակագործ Գաուտամա Պալի հեղինակած հուշարձանը Հնդկաստանը Վրաստանին է նվիրել:
Հուշարձանի բացման արարողությանը մասնակցել են Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյա Ջայշանկարին, Թբիլիսիի քաղաքապետարանի սակրեբուլոյի նախագահ Գիորգի Տղեմալաձեն և Վրաստանում Մահաթմա Գանդիի հիմնադրամի ղեկավար Իրակլի Կակաբաձեն:
«Ուրախ եմ, որ այսօրվա օրը շատ հագեցած էր հաճելի փաստերով: Այսօր մենք ականատես եղանք վրաց ժողովրդի համար պատմական և ծայրաստիճան հոգևոր նշանակության մի իրադարձության. Գոայում, Սբ. Օգոստինյան վանական համալիրի ավերակների պեղումների ժամանակ Սբ. Քեթևան թագուհու մասունքները, որոնք նախարարը անձամբ բերել է Վրաստան»,- հայտարարել է Զալկալիանին:
Նա շնորհակալություն է հայտնել բոլոր կազմակերպություններին կամ անհատներին, ովքեր ներգրավված էին Հնդկաստանից և Վրաստանից՝ նահատակ թագուհու սրբազան մասունքները հանձնելու գործընթացին: Նախարարը հատուկ շնորհակալությոն է հայտնել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Հնդկաստանի կառավարության այս որոշման համար:
«Այս փաստը, ինչպես նաև Մահաթմա Գանդիի հուշարձանի բացումը Թբիլիսիում, ևս մեկ անգամ հաստատում են մեր երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների ջերմ և պատմական բարեկամական բնույթը»,- ասել է Դավիթ Զալկալիանին:
Կարծիքներ