Ով ում հետ կմասնակցի ընտրություններին

Ով ում հետ կմասնակցի ընտրություններին

Արտահերթ ընտրություններին մնացել է մոտ մեկուկես ամիս: Օրեր շարունակ հայկական լրատվական դաշտը ողողված է քաղաքական կուսակցությունների եւ դաշինքների հնարավոր ցուցակների մասին տեղեկություններով: Իմի բերելով տարածված տեղեկատվությունը եւ համադրելով այն մեր ունեցածի հետ կարող ենք ենթադրել, որ առաջիկայում մեզ սպասվում է բավականին հետաքրքիր քարոզարշավ:

Եվ այսպես, Freenews-ի եւ գրեթե բոլոր լրատվականների անթիվ-անհամար հարցումները փաստում են, որ, անկախ երկրում առկա քաղաքական եւ հետպատերազմյան ճգնաժամից, այնուամենայնիվ՝ ամենից բարձր վարկանիշն ունի գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Հետաքրքիր է, որ Փաշինյանին մտադիր են ընտրել նույնիսկ Սյունիքի մարզում, որտեղ նա մոտ երկու շաբաթ առաջ մեղմ ասած կոշտ ընդունելության արժանացավ: Փաշինյանի նախընտրական ցուցակից առայժմ շատ բան հայտնի չէ, սակայն ըստ շրջանառվող լուրերի կուսակցությունն ընտրությունների մասնակցելու է «Քաղաքացիական պայմանագիր» անվան ներքո եւ «Ապագա կա» կարգախոսով: Կուսակցության գրեթե բոլոր  կարկառուն դեմքերը լինելու են ցուցակում, անգամ նրանք, ովքեր հետագայում վայր կդնեն իրենց մանդատները եւ տեղ կգտնեն, ասենք՝ կառավարությունում: Այս պահին շրջանառվում են երկու հանրային ծանրակշիռ դեմքերի՝ այն է, ՄԱԿ կուսակցության նախագահ, հայտնի գործարար Գուրգեն Արսենյանի եւ եւս մեկ հայտնի գործարար՝ Խաչատուր Սուքիասյանի անունները, որոնք հավանաբար կընդգրկվեն ՔՊ նախընտրական ցուցակում եւ հետագայում կմնան Ազգային ժողովում, որպես պատգամավորներ:

Երկրորդ, թերեւս ամենահետաքրիր նախընտրական դաշինքը Արթուր Վանեցյանի «Հայրենիքի» ու ՀՀԿ-ի միավորումն է: Այս պահին հայտնի է, որ դաշինքը կգլխավորի ինքը Վանեցյանը, նրան կհաջորդի Տարոն Մարգարյանը, ցուցակում կընդգրվեն նաեւ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Թագուհի Թովմասյանը, ՀՀԿ կարկառուն օրիորդներից՝ Աննա Մկրտչյանը, Հայկ Մամիջանյանը եւ այլք: Հատկանշական է, որ չնայած այն հանգամանքին, որ դաշինքը կրում է «Հայրենիք» - «Հանրապետական» կուսակցությունների միավորման ամպագորգոռ շղարշը, այնուամենայնիվ հայտնի հանրապետականներից գրեթե ոչ ոք ցուցակում ընդգրկված չեն լինի: Դաշինքն ընտրություններին կմասնակցի «Պատիվ ունեմ» կարգախոսով:

Ռոբերտ Քոչարյան, «Դաշնակցություն» եւ նորաստեղծ «Վերածնվող Հայաստանն» այս պահին, թերեւս ամենակողմնորոշված դաշինքն է, որտեղ գրեթե ակնհայտ է, թե ովքեր կլինեն ցուցակի առաջին 10-15 տեղերում: Հավանաբար ականատես կլինենք հետեւյալ պատկերին. Առաջին տեղում Քոչարյան, երկրորդ տեղում Իշխան Սաղաթելյան, երրորդ՝ նախկին ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյան, չորրորդ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյան, հինգերորդ Սեյրան Օհանյան, վեցերորդ՝ TV5 հեռուստաընկերության հաղորդավարուհի Ագնեսա Խամոյան, այնուհետեւ Յուրի Խաչատուրովը, Արծվիկ Մինասյանը, Քպ-ից հեռացած Աննա Գրիգորյանը, Լիլիթ Գալստյանը, նախկին ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանը, Սյունյաց համայնքապետերը եւ այլք:
Ամենապրոիշխանական ընդդիմադիր «Հանուն հանրապետության» կուսակցությունն ակտիվ փնտրտուքների մեջ է հանրային հայտնի դեմքերի, որոնք ընտրությունների ընթացքում կբարձրացնեն իրենց վարկանիշը: Այս պահին հայտնի է, որ կուսակցության նախընտրական ցուցակը կհամալրի իրավապաշտպան Սեդա Սաֆարյանը, հավանաբար ցանկում կլինեն նաեւ Դավիթ Սանասարյանը, Նորայր Նորիկյանը եւ Սամվել Պողոսյանը, որն 2001 թվականին «Առագաստ» սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի զարմիկն է:

Քոչարյան, Սերժ Սարգսյան ակտիվացումը կարծես քաղաքական լուսանցքում է թողել ընդդիմադիր ամենամեծ խորհրդարանական ուժին՝ «Բարգավաճ Հայաստանին»: Տպավորություն է, որ Գագիկ Ծառուկյանն առայժմ չի շտապում լծվել ընտրապայքարին, այլ գլուխը կախ սպասում է իրադարձությունների զարգացմանը: Այս պահին հայտնի է միայն, որ Բարգավաճի ցուցակում առաջին կինը կլինի Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը, երկրորդ կինը՝ Շաքե Իսայանը: Առայժմ հայտնի չէ, արդյոք ցուցակում կտեսնենք ԲՀԿ ամենահայտնի եւ ակտիվ պատգամավորներից մեկին՝ Նաիրա Զոհրաբյանին: Լուրեր են շրջանառվում, որ Քաղաքացիական պայմանագրին է միանալու նաեւ անցյալ տարի ԲՀԿ-ից պոկված Սերգեյ Բագրատյանը:

Գալիք ընտրություններն ամենից անցակալին թերեւս Էդմոն Մարուքյանի եւ «Լուսավոր Հայաստանի» համար են, քանզի բոլոր հարցումները կանխատեսում են, որ ակտիվ ընդդիմադիր ուժը հազիվ թե կարողանա հաղթահարել գալիք ընտրությունների նախընտրական շեմը: 

Հետաքրքիր է, որ չնայած Արամ Սարգսյանի անձնական բարձր վարկանիշին (այդ մասին վկայում է, ասենք Սարգսյանի հարցազրույցների անհամեմատ բարձր դիտելիությունը), այնուամենայնիվ խիստ կասկածելի է «Հանրապետություն» կուսակցության հաջողությունը գալիք ընտրություններին: Առայժմ հայտնի չէ պատճառը, բայց կուսակցության առաջնորդը որոշել է ընտրություններին մասնակցել միայնակ՝ սեփական կուսակցությունով, մասնավորապես մերժելով Արման Բաբաջանյանի դաշինք կազմելու առաջարկը: Ըստ շրջանառվող լուրերի Սարգսյանը Բաբաջանյանին առաջարկել է հրաժարվել «Հանուն Հանրապետության» կուսակցությունով առաջադրվելու մտքից եւ մասնակցել ընտրություններին «Հանրապետության» կազմում, սակայն տվյալ առաջարկին չի համաձայնվել Բաբաջանյանը:

Գալիք ընտրություններին կմասնակցեն եւս երկու նորաթուխ քաղաքական ֆիգուրներ, որոնք առայժմ կարծես թե միայն շոու անելու նպատակ են հետապնդում, խոսքը՝ «Դվին» հյուրանոցի սեփականատեր Արտակ Թովմասյանի եւ հանրահայտ երգիչ Մհեր Արմենիայի եւ իր «Ազգի ձայն» կուսակցության մասին է: Առայժմ անհասկանալի է, թե տվյալ գործիչներն ինչպես են մտադիր մասնակցել ընտրություններին, քանզի երկուսն էլ հանդիսանում են Ռուսաստանի եւ Հայաստանի երկքաղաքացիներ, իսկ օրենքն արգելում է երկքաղաքացիություն ունեցող անձանց մասնակցել խորհրդարանական ընտրություններին:

Ընտությունների նախօրեին հավանաբար կհայտնվեն նաեւ այլ կուսակցություններ, որոնք հայտ կներկայացնեն խորհրդարան անցնելու, ասենք, օրինակ՝ «Քաղաքացու որոշումը» կամ Շիրինյանի «Քրիստոնեա - ժողովրդավարական կուսակցությունը», սակայն գրեթե բացառվում է նրանց հաջողությունը ընտրությունների ընթացքում:

Հիշեցնենք, որ քարոզարշավը կսկսվի հունիսի 7-ին եւ կտեւի 12 օր: Առայժմ ուժ եւ համբերություն ամենեցուն...

 

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում