Քաղաքապետը չի աշխատել Կառավարության հետ, ինչպես ես, գուցե ավելի քիչ է պատկերացնում տեղի ունեցող գործընթացները. Ավինյան
Քաղաքապետարանում գործում է քաղաքական թիմ, որը, խնդիրների լուծման արդյունավետությունից ելնելով, տարբեր տեղերում տարբեր մարդկանց է ընտրում աշխատելու համար:
Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի այն, որ կարծես Երևանի քաղաքապետը մղվել է հետին պլան, և ամենուր ինքն է:
«Հաշվի առնելով Կառավարության հետ աշխատանքի իմ մեծ փորձը՝ ունենք այս պատկերը: Քաղաքապետը չի աշխատել Կառավարության հետ, չի եղել 3 տարի փոխվարչապետ, ինչպես ես, և գուցե նա ավելի քիչ է պատկերացնում տեղի ունեցող գործընթացները: Մենք պարզապես արդյունավետություն ենք ապահովում»,- հավելեց նա:
Վերջինիս խոսքով՝ իսկ Կառավարություն հաճախ գալը պայմանավորված է նրանով, քանի որ քաղաքի հետ կապված շատ հարցեր են բերում քննարկման. «Սա որոշակիորեն կապված է այն հանգամանքի հետ, որ քաղաքապետարանի թիմով տեղի ունեցող գործընթացներն ավելի լավ ենք պատկերացնում»:
Անդրադառնալով Հրազդանի կիրճին՝ քաղաքապետի տեղակալը նշեց, որ ուզում են կիրճը բերել բնությանը հարիր տեսքի:
«Այս մասով ներդրումային ծրագիրն առաջարկել է գործող վարձակալը: Սույն ծրագիրը բազում քննարկումների միջով է անցել, և փորձել ենք որքան հնարավոր է, հարմարեցնել բնության միջավայրը չկորցնելու տրամաբանությանը: Ասեմ, որ ավելացրել ենք նաև ճոպանուղու նախագիծը»,- մանրամասնեց նա:
Ավինյանի համոզմամբ՝ Հրազդանի կիրճը Երևանի կարևորագույն էլեմենտներից մեկն է, որը հնարավորինս փորձում են պահպանել:
Կարծիքներ