Ամեն կերպ նպաստելու ենք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը. ՌԴ ԱԳՆ
Արցախում հրադադարի վերաբերյալ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածության մեկ տարին լրանալու առիթով ՌԴ արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ։
ՌԴ ԱԳՆ–ն շեշտում է հայ–ադրբեջանական պետական սահմանին լարվածությունը նվազեցնելու կարևորությունն ու դեմարկացիային (սահմանազատում) հաջորդող դելիմիտացիայի (սահմանագծում) գործարկումը։
ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ Մոսկվան ամեն կերպ կնպաստի Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը, կաջակցի Հարավային Կովկասում կայունությունն, անվտանգությունը և տնտեսական զարգացումն ապահովելու հարցերի լայն շրջանակի վերաբերյալ բոլոր մակարդակներում շփումների ընդլայնմանն ուղղված խաղաղ նախաձեռնություններին։
ՌԴ ԱԳՆ–ում կարևոր են համարում շարունակել ջանքերը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ձևաչափով, նախևառաջ տարածաշրջանի առաջ կանգնած սոցիալ–տնտեսական և մարդասիրական խնդիրների լուծման համատեքստում։ Պահանջված է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ՄԱԿ–ի գերագույն հանձնակատարի գրասենյակի, ՅՈւՆԵՍԿՕ–ի և ոլորտային այլ միջազգային կազմակերպությունների ներդրումը։
«Պատրաստ ենք նաև ՌԴ մասնակցությամբ աջակցել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հանրության ներկայացուցիչների երկխոսությանը` հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև վստահության մթնոլորտ ձևավորելու նպատակով։ Հանդես ենք գալիս հանուն Հարավային Կովկասի երկրների և նրա հարևանների միջև բարիդրացիական հարաբերությունների կառուցման, փոխշահավետ տարածաշրջանային համագործակցության զարգացման», – ասվում է հայտարարության մեջ։
Կարծիքներ