ԱԺ-ն նիստի օրակարգում չընդգրկեց «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության օրենսդրական նախագիծը
Ազգային ժողովը նիստի օրակարգում չընդգրկեց «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության օրենսդրական նախագիծը, որով առաջարկվում է քրեականացել Հայաստանի Հանրապետության անունից Լեռնային Ղարաբաղը որևէ այլ պետության կազմում ճանաչելը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը, ժխտելը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծին կողմ է քվեարկել 26, դեմ՝ 57 պատգամավոր։
Մինչ քվեարկությունը «Հայաքվե» նախաձեռնության լիազոր ներկայացուցիչ Արամ Պետրոսյանը նշեց, որ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ամբողջությամբ նախագիծը ներկայացվել է իր հիմնավորումներով։
Նրա խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խոստացել է, որ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը և Հայաստանը ձգտելու է ԼՂ հարցը լուծել նրա կարգավիճակի վերջանական հստակեցմամբ՝ հիմնավորված հիմնարար սկզբունքների, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի վրա, սակայն իր խոստումը չի կատարել։
«ՔՊ-ն նաև խոստացել է, որ թույլ չի տալու այնպիսի ապաշրջափակում, որը կհակասի Հայաստանի և Արցախի կենսական շահերին, սակայն այս խոստումը չի կատարել։ Դուք ընտրություններին գալիս էիք մի բան ասելով, սակայն անում եք հակառակը»,- ասաց Պետրոսյանը՝ հորդորելով կողմ քվեարկել նախագծին։
Հարակից զեկուցող, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը իր հերթին ասաց, որ հանձնաժողովում մանրամասն քննարկվել է նախագծի բովանդակային հատվածը։
«Մենք նշել ենք, որ իրավական որոշակիության տեսանկյունից առկա են խնդիրներ նախագծով առաջարկվող փոփոխությունների առնվազն առաջին հոդվածում։ Ինչ վերաբերվում է նախագծով առաջարկվող երկրորդ հոդվածին, խոսքը Հայոց ցեղասպանության ժխտման մասին է, ապա մենք արձանագրել ենք, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսդրությունն արդեն իսկ պարունակում է նման հանցակազմ։ Ընդ որում, և՛ իրավական որոշակիության տեսանկյունից, և՛ քրեական օրենսդրության տրամաբանության տեսանկյունից այդ հոդվածը չէր կարող տեղ գտնել Քրեական օրենսգրքի նշված գլխում։ Վերը նշված հիմնավորումները ներկայացված են եղել մեր գործընկերներին, այդ թվում՝ «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցչին։ Չի կարելի ասել, որ առանց որևիցե բովանդակային քննարկման որոշում է կայացվել»,- ասաց Վարդանյանը։
Կարծիքներ