Այսօր մարտի 16-ն է, հայ ժողովրդի պատմա-քաղաքական հետագծի համար բավականին տխուր մի օր. Ա. Բաբաջանյան
Այսօր մարտի 16-ն է, հայ ժողովրդի պատմա-քաղաքական հետագծի համար բավականին տխուր մի օր՝ Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի 100-րդ տարելիցը: Պայմանագիր, որով քեմալական Թուրքիան և բոլշևիկյան Ռուսաստանն ըստ էության գծեցին Կովկասի սահմաններն ու դա արեցին գերազանցապես հայկական կյանքերի և տարածքների հաշվին: Ռուս-թուրքական պայմանագրի 100-րդ տարելիցը առանձնահատուկ ուշադրություն է գրավում ոչ թե մեկդարյա ժամանակաշրջանի, այլ դրա շեմին Հայաստանին ու Արցախին պարտադրված թուրք-ահաբեկչական պատերազմի, դրա՝ ռուս-թուրքական նոր պայմանավորվածությամբ ավարտի, ծանր մարդկային և տարածքային նոր կորուստների բերումով:
Ըստ էության, 2020 թվականի նոյեմբերի 9-ը հնարավոր է արձանագրել որպես դե ֆակտո ռուս-թուրքական նոր պայմանագիր ռեգիոնալ բաժանման վերաբերյալ, որը դե յուրե տեղի է ունենում Ռուսաստանի հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի ստորագրության ձևաչափով, բայց դե ֆակտո հիմնված է հենց մեկդարյա ռուս-թուրքական հարաբերության տրամաբանության վրա, որն էլ ամրագրված է Մոսկվայի 1921 թվականի պայմանագրով: Այլ կերպ ասած, այդ պայմանագիրը իրավա-քաղաքական տառ չէ, այլ բովանդակություն, որով հարաբերվում են Ռուսաստանը և Թուրքիան: Մեկդարյա ընթացքում այդ հարաբերությունը անցել է տրանսֆորմացիայի մի քանի փուլով՝ խորհրդային ժամանակաշրջան և Սառը պատերազմ, ԽՍՀՄ փլուզում և Ռուսաստան-Արևմուտք նոր հարաբերության հեռանկար, հետո դարձյալ, ըստ էության, ռուս-արևմտյան սառըպատերազմյա տրամաբանություն, որը նոր բնույթ է հաղորդել ռուս-թուրքական հարաբերության տրամաբանությանը:
Փաստացի, ներկայումս գոյություն չունի այն սահմանը, որ գծվել է 1921 թվականի մոսկովյան ռուս-թուրքական պայմանագրով: Եթե Արաքսից այն կողմ մնացող տարածքները Թուրքիայինն էին, այս կողմ՝ բոլշևիկյան Ռուսաստանինը, ապա այժմ Թուրքիայի դրոշը Շուշիի մուտքին է, իսկ ռուս խաղաղապահները՝ Ստեփանակերտում: Սա ռուս-թուրքական նոր բաժանում է, ըստ այդմ՝ նոր պայմանագիր, որը կնքված չէ:
Կկնքվի՞, թե՞ ոչ: Այլ կերպ ասած, հայկական պետականության համար խնդիրը խորքային առումով այլևս, երևի թե, ռուս-թուրքական հարյուրամյա պայմանագիրը չէ, այլ այն, թե ինչ իրավա-քաղաքական դաշտի ռիսկեր կան այսօրվանից սկսած: Այդ ռիսկերի համատեքստում է, որ այսօր հայ քաղաքական միտքը պետք է անդրադառնա և գնահատի ռուս-թուրքական հարյուրամյա իրավա-քաղաքական տրամաբանությունը պարփակող այդ փաստաթղթի իրողությունը, դրանում եղած տրամաբանության տրանսֆորմացիան արգելակելու համար:
Կարծիքներ