16-17 տարեկան երեք պատանի Արարատի մարզի Աբովյան գյուղում տներից և մեքենաներից գողություններ են արել (տեսանյութ)
Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզներն օգոստոսի 10-ին օպերատիվ տվյալ էին ստացել, որ 16-17 տարեկան երեք պատանի Արարատի մարզի Աբովյան գյուղում տներից և մեքենաներից գողություններ են արել: Ստուգվեց տեղեկության հավաստիությունը, ճշտվեց պատանիների ինքնությունը: Նույն օրը երեքն էլ ոստիկանության Արտաշատի բաժնում էին, որտեղ էլ, բացատրական աշխատանքի արդյունքում, խոստովանեցին:
Պարզվեց, որ հունիսին Աբովյան գյուղի Զարյան փողոցում մտել էին մի տան բակ, բարձրացել երկրորդ հարկ, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել մուտքի դուռը և գողացել էլեկտրական հոսանք մատակարարող սարք, հուշանվեր թուր ու պաստառներ: Այնուհետև գողոնի մի մասը վաճառել էին նույն փողոցի մեկ այլ բնակչի:
Մայիս-հունիս ամիսներին ցանկապատի վրայից անցել էին Զարյան փողոցի մեկ այլ տան բակ, բացել սենյակներից մեկի դուռը և գողացել երեք փաթեթ էլեկտրական մալուխ, որը հանձնել էին մետաղի ջարդոնի ընդունման կետ: Իսկ մոտ տասը օր առաջ թիրախ էին ընտրել գյուղում կայանված մեքենաները:
Տուժած քաղաքացիներից ընդունվել են հաղորդումներ: Պատանիները ստորագրությամբ բաց են թողնվել:
Կարծիքներ