Լուկաշենկոն բարձր է գնահատել ռուս-բելառուսական միասնական արժույթ ստեղծելու գաղափարը

Լուկաշենկոն բարձր է գնահատել ռուս-բելառուսական միասնական արժույթ ստեղծելու գաղափարը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բարձր է գնահատել Միութենական պետության շրջանակներում Ռուսաստանի հետ միասնական արժույթ ստեղծելու գաղափարը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Նրա խոսքով, սա ինտեգրման ավելի բարձր մակարդակ է, որին երկու երկրները դեռ չեն մոտեցել և, առայժմ կարիք չկա այդ հարցը բարձրացնելու։

«Մենք կորոշենք: Պետք է քայլ առ քայլ գանք այս հարցին»,-նշել է Լուկաշենկոն։

Սեպտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել էր Ռուսաստանի և Բելառուսի համար միասնական արժույթի մոտալուտ ստեղծման մասին ենթադրությունները։ Նրա խոսքով, երկու երկրների տնտեսական ինտեգրման նման ձևի մասին խոսք չկա։ Նա հավելել էր, որ մեկ միասնական խորհրդարանի ստեղծման հարցը նույնպես ակտուալ չէ։

Ավելի վաղ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը հայտարարել էր, որ երկու երկրների ընդհանուր արժույթը կարող է հայտնվել մեկուկես տարուց։ Նա ընդգծել էր, որ միութենական պետության գաղափարը ենթադրում է և՛ խորհրդարանական մարմին, և՛ ընդհանուր արժույթ։ Նրա խոսքով, նման քայլը, ինչպես նաև երկու պետությունների համար միասնական խորհրդարանի ստեղծումը, կպահանջեն լուրջ փոփոխություններ, այդ թվում՝ սահմանադրությունների մակարդակով։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում