Էդուարդ Աղաջանյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին:
Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Էդուարդ Աղաջանյանը հաջողություններ է մաղթել նրան դիվանագիտական առաքելության իրականացման գործում:
Խոսելով երկկողմ կապերից` հանձնաժողովի նախագահը կարևորել է Իտալիայի հետ դինամիկ զարգացող բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են երկու ժողովուրդների դարավոր հարուստ պատմամշակութային ժառանգության վրա:
Անդրադառնալով միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը` Էդուարդ Աղաջանյանն այս հարցում կարևորել է խորհրդարանների բարեկամական խմբերի սերտ և արդյունավետ գործունեությունը: Նշվել է, որ Ազգային ժողովում շուտով կձևավորվի հայ-իտալական բարեկամական խումբը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպանը ևս կարևորել է հայ-իտալական հարաբերություների զարգացումը, խորհրդարանական համագործակցության ակտիվացումը:
Էդուարդ Աղաջանյանը ներկայացրել է տարածաշրջանում հետպատերազմյան իրադրությունը, ընդգծել, որ առաջնահերթ է Ադրբեջանում հայ ռազմագերիների և պահվող այլ անձանց հայրենիք վերադարձի հարցը, ինչն ամրագրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահն արժևորել է Իտալիայի Պատգամավորների պալատի ընդունած բանաձևը, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել հայ ռազմագերիներին:
Կողմերը քննարկել են նաև տարբեր ոլորտներում հայ-իտալական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Ալֆոնսո Դի Ռիզոն վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի առավելագույնը նպաստելու երկկողմ բարեկամական կապերի խորացմանն ու ամրապնդմանը:
Կարծիքներ