Ադրբեջանում պահվող հայ գերիներին գողացել են իրենց ընտանիքներից. Հենրիխ Մխիթարյան
«Ցավալի է, որ Ադրբեջանում կան հայ գերիներ, որոնց գողացել են իրենց ընտանիքներից»։ Այս մասին իտալական La Repubblica-ի հետ հարցազրույցում ասել է Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
«Արցախում պատերազմը շարունակվում է 30 տարի, սակայն շատ երկրներ նախընտրում են անտեսել այդ կոնֆլիկտը: Անհավանական է, որ նման բան տեղի է ունենում 21-րդ դարում: Պատերազմի ընթացքում ես կոչով դիմեցի ամբողջ աշխարհին: Կարևոր էր, որ մեր ձայնը լսելի դառնար։ Շնորհակալ եմ Իտալիայի կառավարությանը՝ աջակցության համար: Շնորհակալ եմ բոլորին, որոնք ճանաչել են Արցախի անկախությունը»։
Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է նաև «Ռոմայի»՝ Հայաստանին ուղարկած հումանիտար օգնությունը՝ ասելով, որ դա հրաշալի նախաձեռնություն էր։ «Ակումբը տեսավ մարդկանց վիշտը և որոշեց օգնել: Երբեք չեմ մոռանա «Ռոմայի» արածը»,- ասել է հայ ֆուտբոլիստը:
Կարծիքներ