Կողմերը քննարկել են հայ-սերբական բարեկամական հարաբերությունները խորացնելու հնարավորությունները

Կողմերը քննարկել են հայ-սերբական բարեկամական հարաբերությունները խորացնելու հնարավորությունները

Հունիսի 30-ին Երևանում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև:Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, սերբականը՝ ԱԳ պետքարտուղար Նեմանյա Ստարովիչը։ Արձանագրելով Հայաստանի և Սերբիայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ կողմերը քննարկեցին հայ-սերբական բարեկամական հարաբերությունները խորացնելու և միջպետական կապերն ամրապնդելու հնարավորությունները և գործնական քայլերը: Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ կատարվեց միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցերի։

Անդրադարձ կատարվեց հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված Հայաստանի քայլերին։

Հայկական կողմը կարևորեց Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների համատեքստում հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը, ինչպես նաև՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը։

Խորհրդակցությունների ավարտին սերբական պատվիրակությանն ընդունեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Նախարար Միրզոյանը կարևորեց տարբեր մակարդակներում փոխադարձ այցերը և շփումները՝ ուղղված երկու երկրների միջև քաղաքական երկխոսության շարունակաբար ընդլայնմանն ու փոխշահավետ բազմոլորտ համագործակցության նոր ուղղությունների նախանշմանը: Նույն օրը սերբական պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:   

Հետևեք մեզ նաև Տելեգրամում