Այդ քաղաքական ջեբկիրներն օր ու գիշեր ձեր իշխանությունը փորձում էին գրպանել՝ մեր վրա ճնշումներ գործադրելով. Կոնջորյան
Ռոբերտ Քոչարյանի թիմը հայկական հեռուստատեսությամբ վճարովի գովազդով պտտում է մի տեսանյութ, որտեղ թուրքական արտադրության ադրբեջանական բայրաքթարները ռմբահարում են հայ զինվորներին, և որտեղ ցուցադրվում են հայ զինվորների սպանության տեսարանները:
Այս մասին Գյումրիում քարոզարշավի ժամանակ այսօր հայտարարեց Հայկ Կոնջորյանը:
«Ուզում եմ խոսել շատ զազրելի ու տարօրինակ իրավիճակի մասին: Հիմա նախընտրական քարոզչություն է, և շատերն իրենց նախընտրական տեսահոլովակներն են ցուցադրում հեռուստատեսությամբ, փորձելով քաղաքացիների ձայները ստանան:
Բայց Հայաստանը, այսպես կոչված փրկելու Ռոբերտ Քոչարյանի թիմը, հայկական հեռուստատեսությամբ վճարովի գովազդով պտտում է մի տեսանյութ, որտեղ թուրքական արտադրության ադրբեջանական բայրաքթարները ռմբահարում են հայ զինվորներին, և որտեղ որ ցուցադրվում են հայ զինվորների սպանության տեսարանները:
Որքան հայասպան էություն պիտի ունենա մարդ, որ հայ զինվորի սպանության կադրերը դարձնի նախընտրական ձայներ ստանալու զազրելի և էժանագին միջոց: Հունիսի 20-ին դուք քվեարկությամբ ձեր գնահատակնն եք տալու այս մարդկանց, այդ թվում նաև այսպիսի գործողություններին:
Տպավորություն է առաջանում, որ թուրքական արտադրության ադրբեջանական բայրաքթարները համատեղ օգտագործման են դրված ադրբեջանական իշխանության և հայկական ընդդիմության որոշ մասի համար»,-հայտարարեց Կոնջորյանը:
Այդ նույն ուժերն, ըստ Կոնջորյանի, իրենց մեղադրում են պատերազմում պարտության և զոհերի համար: Որպես իշխանություն կրում են պատերազմի պարտության հետևանքները, բայց միայնակ իրենց վրա չեն կրում պատերազմի պարտության պատճառները:
«Դրանք 25-ամյա ամենօրյա պարտությունն է, որը գրանցել են այդ ուժերը: Դուք 25 տարի շարունակ պարտվել եք ընտրատեղամասերում(նկատի ունի նախկին իշխանությանը), դուք 25 տարի պարտվել եք դատարաններում՝ ապականելով արդարադատությունը, ունեզրկելով գործարարներին և քաղաքացիներին:
Դուք 25 տարի պարտվել եք կրթության մեջ, տարածելով ձեր իսկ մարտնչող տգիտությունն ու զոռբայությունը:
Դուք 25 տարի պարտվել եք դեմոգրաֆիայի մեջ հայ ժողովրդին մատնելով պանդխտության: Եվ 44-օրյա պատերազմի պարտությունը ձեր հավաքական 25-ամյա պարտության հետևանքն էր, որից դուք այսօր փորձում եք խուսափել:
Խուսափել այնպես, ինչպես որ փորձում եք խուսափել գալ բանավեճի, և տղամարդավարի, խիզախությամբ ընունել այդ պատասխանատվությունը: Ձեր տղամարդկության և ձեր խիզախության բացակայությունն ամփոփված է ձեր 25-ամյա կառավարման և ձեր այսօրվա գործունեության մեջ:
Իսկ ինչով ենք մենք տարբերվում այդ մարդկանցից. մենք գուցեև արել ենք որոշ սխալներ, ունեցել բացթողումներ, բայց մենք ունենք մի արժանիք, որը մեզ համար բարձր է ամեն ինչից: Մենք ձեզ հետ եղել ենք ազնիվ, մենք ձեզանից, մեր ժողովրդից չենք տարանջատվել, չենք մեկուսացել, մենք կառուցել ենք դպրոցներ ձեր երեխաների համար, չենք կառուցել պալատներ մեր երեխաների համար:
Մենք կառուցել ենք մանկապարտեզներ, ուր կհաճախեն ձեր երեխաները, բայց չենք սեփականաշնորհել մանկապարտեզներ, որ ծաղկեն մեր բիզնեսները:
Մենք կառուցել ենք ճանապարհներ, որով կերթևեկեք ձեր երկրում, ու չենք գործել հանցանքներ, որի պատճառով դուք դուրս կգնաք ձեր երկրից:
Մենք կառուցում ենք կամուրջներ մեր երկրի ներսում, որ մոտեռնանք իրար, այլ չենք կառուցում պարիսպներ մեր տների շուրջ, որ մեկուսանանք իրարից:
Մենք ձեր մի մասն ենք, և էդպես կլինենք միշտ:
Մեզ երբեմն քննադատում էին նրա համար, որ մենք իբևր թե երիտասարդ էինք և անփորձ: Ես ուզում եմ ցույց տալ, թե նժարի վրա որքան է կշռում մեր անփորձությունն ու իրենց չակերտովոր փորձառությունը:
Նոյեմբերի 9-ից հետո այդ մարդիկ մոբիլիզացնելով իրենց բոլոր ուժերը, փորձում էին Հայաստանում բռնազավթել իշխանությունը: Եվ թիրախներից մեկը նաև ԱԺ Իմ քայլը խմբակցությունն էր:
Նրանք ըստ էության մոբիլիզացրեցին հարյուրավոր միլիոն դոլարի հասնող ռեսուրսները, կրիմինալը, իրենց բթամիտ ֆեյքերին, մեդիա ռեսուրսները, իրենց խուժանին, ամեն բան արեցին ֆիզիկական և հոգեբանական տեռորի ենթարկելու իրենց իսկ ասած անփորձ երիտասարդներին, որպեսզի առևանգեն իշխանությունը Հայաստանից: Վերակենդանացրեցին քաղաքական դամբարանի բոլոր մումիաներին, որպեսզի դուրս հանեն նորից մեր դեմ, և գրպանեն իշխանությունը:
Այդ քաղաքական ջեբկիրներն օրուգիշեր ձեր իշխանությունը փորձում էին գրպանել մեր վրա ճնշումներ գործադրելով:
Շրջիկ կրկեսի նման մեկ գնում էին Հանրապետության հրապարակ, մեկ գնում էին Ազատության հրապարակ, հետո գալիս էին Բաղրամյան պողոտա, Դեմիրճյան փողոց:
Բայց մենք մինչև վերջին պահը մնացինք կանգուն, որովհետև ձեզ ի պահ տված իշխանությունը պարտավոր էինք վերադարձնել, և դա անում ենք այսօր:
Ընդունված է, որ լավ իշխանությունը ուժեղ իշխանությունն է, բայց եթե իշխանությունը չի բխում ժողովրդից, ապա այդ իշխանության ուժը ինչ-որ մի պահի վերածվում է ժողովրդի ճակատին ուղղված հրազենի փողի:
Այդպես եղել է ինչպես հոկտեմբերի 27-ին, այնպես էլ 2008 թվականի մարտի 1-ին: Հենց դրա համար էլ հունիսի 20-ին գնացեք ընտրության, և Հայաստանում հաստատեք իշխանության ուժը, որը ձեր ուժն է, և վերջնականապես ջախջախեք ուժի իշխանությունը, որը փողի, կրիմինալի և զոռբայության իշխանություն է»,-ելույթն ավարտեց Հայկ Կոնջորյանը:
Կարծիքներ