Վահան Քերոբյանը և Դմիտրի Մարիյասինը քննարկել են համագործակցության հեռանկարները
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 8-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին։
Ողջունելով ՄԱԶԾ մշտական ներկայացուցչին՝ նախարարն ընդգծել է շարունակական արդյունավետ համագործակցությունը ՄԱԶԾ հետ՝ նշելով համատեղ զարգացման ծրագրերը ՓՄՁ, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում։
Դմիտրի Մարիյասինը շնորհավորել է նախարարին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, այնուհետև ներկայացրել ՄԱԶԾ գերակայությունները, ընդգծել նորարարության վրա հիմնված նոր ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են պարբերական խորհրդակցությունների և աշխատանքների իրականացումը նորարարարության, գյուղատնտեսության, փոքր ջրամբարների, ներդրումների խթանման բնագավառում։ Այս տեսանկյունից Վահան Քերոբյանը կարևորել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) կողմից Investment Policy Review զեկույցի պատրաստումը և առաջարկությունների մշակումը։
Նախարարը տեղեկացրել է նաև գյուղական վայրերում ոչ գյուղատնտեսական աշխատատեղերի ստեղծման նախաձեռնության մասին, ինչը հնարավորություն կընձեռի գյուղական համայնքների բնակիչներին աշխատելու նաև զբոսաշրջության, թեթև արդյունաբերության և այլ ոլորտներում։
Էկոնոմիկայի նախարարը խոսել է Երևանը տարածաշրջանային բարձր տեխնոլոգիաների կենտրոն դարձնելու հավակնոտ գաղափարի մասին՝ տեղեկացնելով, որ ներկայումս քննարկումներ են ընթանում համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծելու ուղղությամբ։ Վահան Քերոբյանը կիսվել է նաև Հայաստանում գործող ջրամբարների՝ այցելուների համար բաց լինելու գաղափարով, ինչը հնարավորություն կտա զարգացնելու ներքին զբոսաշրջությունը։
Դմիտրի Մարիյասինն անդրադարձել է ՄԱԶԾ և Ավստրիական Զարգացման Բանկի eregulations.am էլեկտրոնային հարթակին և առաջարկել շարունակել խորացնել աշխատանքները ներդրումների խթանման և զբոսաշրջության զարգացման համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել զբոսաշրջության և ներդրումների ոլորտի միջազգային փորձագետների հետ առանձին հանդիպումներ կազմակերպելու վերաբերյալ։
Կարծիքներ