Մոտ 1.500 զինվոր կմասնակցի Աֆղանստանի սահմանի մոտ վարժանքներին

Մոտ 1.500 զինվոր կմասնակցի Աֆղանստանի սահմանի մոտ վարժանքներին

Ռուսաստանից եւ Ուզբեկստանից ժամանած շուրջ 1,5 հազար զինծառայողներ կմասնակցեն Աֆղանստանի հետ սահմանի մոտ համատեղ զորավարժություններին: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Կենտրոնական ռազմական օկրուգի հայտարարությանը:

Միջոցառումը տեղի կունենա հուլիսի 30-ից օգոստոսի 10-ը՝ Ուզբեկստանի Սուրխանդարյայի շրջանում:

«Վարժանքների գործնական գործողությունները տեղի կունենան Աֆղանստանին սահմանակից տարածքում գտնվող «Թերմեզ» զորավարժարանում՝ շուրջ 200 միավոր ռազմական տեխնիկայի, այդ թվում՝ ավիացիայի ներգրավմամբ», - ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ զորավարժությունների շրջանակներում զինվորականները կմշակեն Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի պետությունների տարածքային ամբողջականության ապահովման խնդիրները: ՌԴ հիմնական զորակազմը կազմված կլինի խաղաղապահ միավորման եւ Կենտրոնական ռազմական օկրուգի հատուկ նշանակության բրիգադի զինծառայողներից:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ օգոստոսից սեպտեմբեր Ռուսաստանը եւ Կենտրոնական Ասիայի հանրապետությունները մի շարք համատեղ զորավարժություններ են անցկացնելու Աֆղանստանի հետ սահմանին:

Ներկայումս Աֆղանստանում առճակատում է տեղի ունենում կառավարական ուժերի եւ «Թալիբան»-ի գրոհայինների միջեւ (Ռուսաստանում արգելված շարժում), որոնք զգալի տարածքներ են գրավել գյուղական շրջաններում եւ նախահարձակ գործողություններ են իրականացնում մեծ քաղաքների ուղղությամբ: Իրավիճակը սրվում է երկրից ԱՄՆ ռազմական զորակազմի դուրսբերման ֆոնին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում