Պտղունք գյուղի նորակառույց դպրոցից կատարված գողությունը բացահայտվել է
Ոստիկանության Վաղարշապատի բաժնում հունվարի 30-ին հաղորդում տված տղամարդը հայտնել է, որ հունվարի 29-ից 30-ն ընկած ժամանակահատվածում Արմավիրի մարզի Պտղունք գյուղի նորակառույց դպրոցից գողություն են արել. տարել են ջեռուցման կաթսա ու 50 մարտկոց։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են 29 և 38 տարեկան երկու երևանցի։
«Փետրվարի 2-ին նրանցից մեկը՝ մայրաքաղաքի Արա Սարգսյան փողոցում, մյուսը՝ Բագրատունյաց փողոցում հայտնաբերվեցին ու ձերբակալվեցին։ Տղամարդիկ ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին։ Գողոնի մի մասը հայտնաբերվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ