Կիսանախագահական կառավարմանն անցնելը հնարավոր տարբերակներից է. վարչապետ (տեսանյութ)
«Հույս եմ հայտնում, որ Արմեն Սարգսյանը, լինելով բազմափորձ պետական գործիչ, կկայացնի որոշումը, որը բխում է ՀՀ ժողովրդի, պետության կայունության շահերից»,- Հանրապետության հրպարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այսօր այցելել է նախագահին, նա փոքր-ինչ վատառողջ է, և առողջություն մաղթեց նրան:
2015 թվականին ընդունված Սահմանադրությունը, որն ուժի մեջ մտավ 2018-ին, այս ընթացքում ի ցույց դրեց բազմաթիվ թերություններ՝ նշեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ այսօր էլ այդ Սահմանադրությունը բազմաթիվ ճգնաժամային հնարավորություններ ու ռիսկեր է ստեղծում:
«Ժամանակն է արձանագրել, որ մենք պիտի աշխատենք, որ այս տարվա հոկտեմբերին համաժողովրդական հանրաքվեով ընդունենք նոր Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություններ, և ի վերջո կիսանախագահական կառավարման համակարգին անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի: Եվ այս գործընթացը պետք է իրականացնենք ԱԺ-ի, Կառավարության, ՀՀ նախագահի, քաղաքական ուժերի և քաղաքացիական հանրության հետ սերտ համագործակցության պայմաններում:
Իսկ մինչ դա՝ կան հոդվածներ Սահմանադրությունում, որոնց փոփոխությունը չի ենթադրում համաժողովրդական հանրաքվե, և դա կարելի է փոխել ԱԺ-ում տեղի ունենալիք քվեարկության միջոցով: Առաջիկա ամսվա ընթացքում պետք է նույն ֆորմատներով աշխատենք լավարկելու համար այն հոդվածները, որոնք լավարկելու հնարավորություն կա ԱԺ-ում տեղի ունեցած խորհրդակցությունների և քվեարկությունների արդյունքում»,- նշեց Փաշինյանը:
Մեր մեծագույն խնդիրը պետք է լինի սահմանադրական այնպիսի կառուցակարգերի ստեղծումն ու ձևավորումը, որը կերաշխավորի կայունությունը, անվտանգությունը ՀՀ-ում ու կբացառի այսպիսի ճգնաժամերի ձևավորումը՝ նշեց վարչապետը:
Կարծիքներ