Դեսպան Մկրտչյանը Տասոս Ձիկասի հետ քննարկել է առևտրատնտեսական կապերի ակտիվացմանն ուղղված նախաձեռնություններ
Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Սալոնիկի Առևտրի միջազգային ցուցահանդեսի (TIF - HELEXPO) տնօրենների խորհրդի նախագահ Տասոս Ձիկասի հետ:
Դեսպան Մկրտչյանը գոհունակությամբ արձանագրել է Ձիկասի հետ իրենց առաջին հանդիպումից ի վեր Հայաստանի ակտիվ մասնակցությունը HELEXPO-ի տարբեր միջոցառումներին և ցուցահանդեսներին։
ՀՀ դեսպանը նաև շնորհակալություն է հայտնել 2022 թ․ նոյեմբերի 18-20-ը Սալոնիկում կայացած Philoxenia-Hotelia 37-րդ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին Հայաստանին առաջին անգամ որպես տարվա «Պատվավոր երկիր» հրավիրելու համար։
Դեսպան Մկրտչյանն ընդգծել է Սալոնիկի միջազգային ցուցահանդեսում կազմակերպվող միջոցառումներին Հայաստանի ակտիվ մասնակցության անհրաժեշտությունը, այդ թվում՝ BEYOND նորարարական տեխնոլոգիաների, Սալոնիկի գրքի ցուցահանդեսներին և այլ միջոցառումներին։
Տասոս Ձիկասը, իր հերթին, ողջունելով հայկական կողմի հետաքրքրությունը, ներկայացրել է կենտրոնի կողմից կազմակերպվող միջոցառումները՝ հրավիրելով Հայաստանին մասնակցել դրանց։
Քննարկվել են նաև երկկողմ առևտրատնտեսական կապերի ակտիվացմանն ուղղված մի շարք նախաձեռնություններ։
Հանդիպմանը ներկա են եղել նաև HELEXPO կազմակերպության գործադիր տնօրեն Կիրիակոս Պոզրիկիդիսը և Սալոնիկում ՀՀ պատվո հյուպատոս Ակիս Դագազյանը։
Կարծիքներ