Փաշինյանի մասնակցությունը Անթալիայի համաժողովին չի քննարկվել. Միրզոյան
Անթալիայի դիվանագիտական ֆորումին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցության հարց չի քննարկվել և չի քննարկվում: Այս մասին վստահեցրեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ-ից Թագուհի Ղազարյանի հարցին:
Նախարարը նկատեց, որ ակտիվորեն քննարկվել է, թե Փաշինյանի մասնակցության հարց է քննարկվում:
«Ուզում եմ մեկ անգամ ևս հավաստել, որ ՀՀ վարչապետի Անթալիայի միջոցառման մասնակցության հարցը չի քննարկվել և չի քննարկվում: Թերևս, կարող եմ ենթադրություն անել, որ որոշակի նրբերանգային սխալ թարգմանության հետևանք է սա»,-ասաց Միրզոյանը:
Ըստ նրա՝ թարգմանության այն հատվածը, որում նշվել է, որ նա կմասնակցի, «նա»-ն կարող է և երկրին վերաբերել:
Հրավեր ուղարկվել է Արարատ Միրզոյանի և Ռուբեն Ռուբինյանի անունով: «Որոշում իսկապես և չկա: Որոշումը մեծապես կախված կլինի նաև փետրվարի 24-ին կայանալիք Վիեննայի հանդիպման արդյունքներից»,-ասաց Միրզոյանը:
Նախարարն անդրադարձավ նաև հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների Վիեննայում նախատեսվող երկրորդ հանդիպմանը: «Ենթադրելի էր, որ առաջին հանդիպումը ճանաչողական բնույթ ունի: Հույս ունեմ, որ այս անգամ արդեն առարկայական քննարկումներ կսկսվեն երկու հատուկ ներկայացուցիչների միջև, քննարկումներ՝ ուղղված Հայաստան-Թուրքիայի սահմանի բացմանը և դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը»,-ասաց Միրզոյանը:
Ըստ նրա՝ պաշտոնական Անկարայից այս մասին եկող ազդակները, ուղերձները, ակնարկները առավելապես դրական կոնտեքստի մեջ են, և մեր ակնկալիքներն էլ այդպիսին են:
Կարծիքներ