Բնակիչների առաջարկների ներառմամբ մեկնարկել է Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհի շինարարությունը
Բաբաջանյան փողոցի հարակից տարածքում մեկնարկել են նոր ճանապարհահատվածի շինարարության հողային աշխատանքները: Այն մայրաքաղաքի արևմտյան օղակաձև ճանապարհի մի հատվածն է: Հարակից շենքերի բնակիչների մի մասն անհանգստանում է դեռևս 2017թ-ից կառուցվող ճանապարհի այս հատվածի համար: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը դեռ նախորդ տարի հանդիպեցին բնակիչների հետ, և որոշում կայացվեց դիտարկել նախագծային փոփոխությունների հնարավորությունները: Ի վերջո քաղաքացիների դիտողությունների հիման վրա նախագծում մի շարք փոփոխություններ արվեցին, և հիմա արդեն աշխատանքները մեկնարկել են նոր՝ փոփոխված նախագծով:
«Բոլոր հնարավոր վտանգներ հաշվարկվել են ինժեներների, քաղաքապետարանի կողմից, բազում հանդիպումներ ենք ունեցել նաև քաղաքացիների հետ, լսել ենք իրենց եւ հաշվի առել որոշ նկատառումներ: Այժմ արդեն պետք է սկսենք աշխատանքները, քանի որ մենք նույնպես պարտավորություններ ունենք մեր դոնոր վարկային կազմակերպությունների հանդեպ»,- նշում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:
Բնակիչների հիմնական դիտարկումը թաղամաս մեքենաների ելումուտի, ինչպես նաև հետիոտի անցուդարձի հարմարավետության ու անվտանգության ապահովումն է: Սկզբնական նախագծով նախատեսված՝ հատվող ծառերի քանակը հասցվել է նվազագույնի, ճանապարհը շենքից հեռու է 15-20մ, պահպանվում է բակի փոքրիկ հանգստի գոտին: Քաղաքապետի առաջին տեղակալի խոսքով՝ նոր նախագծում տրվել են հնարավոր լավագույն լուծումները: Բնակիչների նկատառումները հաշվի առնելու հետևանքով, ի դեպ, ծրագիրը թանկացել է մոտ 900.000-ից 1 մլն դոլարի չափով:
«Քաղաքը զարգանում է, և այս ճանապարհները մեզ համար անխուսափելի են: Բնակիչների հետ կապված դժգոհություններ ունեինք նաև Դավթաշեն-Աշտարակ ճանապարհի կառուցման ժամանակ, բայց, այնումանեայնիվ, այդ բոլոր հարցերը հարթվեցին, և այս պահի դրությամբ կարող եմ վստահաբար ասել, որ ոչ միայն այդ տարածքում ապրող բնակիչները, այլև ճանապարհից օգտվող բոլոր քաղաքացիները գոհ են այդ ճանապարհից»,- ասում է քաղաքապետի առաջին տեղակալը:
Ճանապարհի այս հատվածի շինարարության համար բակային տարածքում իրացվել է 44 գույք, որոնց սեփականատերերը կամ օգտագործողները դեռևս 2017թ. համայնքից ստացել են փոխհատուցում՝ յուրաքանչյուրը միջինը 3-4 մլն դրամ։ Ավտոտնակներն ապամոնտաժվել են այս տարվա փետրվարին:
Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհն ընդհանուր առմամբ կունենա 23 կմ երկարություն: Նոր ճանապարհահատվածն իրար կկապի մայրաքաղաքի հյուսիսային և հարավային մուտքերն ու զգալիորեն կբեռնաթափի քաղաքի երթևեկությունը:
Կարծիքներ