Մհեր Գրիգորյանը միջազգային գործընկերներին է ներկայացրել Կառավարության ծրագիրը և նախատեսված բարեփոխումները
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփի համանախագահությամբ կառավարությունում կայացել է Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համագործակցության համակարգման հարթակի շրջանակներում հերթական հանդիպումը:
Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում աջակցության ծրագրեր իրականացնող մի շարք երկրների դեսպաններն ու միջազգային կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչությունների ղեկավարները:
Հաշվի առնելով, որ այս ձևաչափով սա առաջին քննարկումն էր Կառավարության ձևավորումից հետո՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը միջազգային գործընկերներին ներկայացրել է Կառավարության ծրագիրը, դրա հիմնական ուղենիշները և նախատեսված բարեփոխումները:
Փոխվարչապետը նշել է, որ մի շարք ոլորտներում արդեն իսկ ձևավորված լուրջ համագործակցություն կա, որի հենքի վրա հնարավոր է առավել խորացնել և ընդլայնել համատեղ իրականացվող ծրագրերի շրջանակը:
Մասնավորապես, առանձնացվել են ենթակառուցվածքների, կանաչ տնտեսության, մարդկային կապիտալի զարգացման ուղղությունները: Անդրադարձ է կատարվել ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու նպատակով ջանքերի համախմբման անհրաժեշտությանը՝ ընդգծելով, որ մի շարք միջազգային գործընկերներ առանցքային աջակցություն են ցուցաբերել ճգնաժամերի հաղթահարման ուղղությամբ: Կարևորվել է նաև հանրային կառավարման բարեփոխումներն ու թվայնացման օրակարգը:
Հանդիպման ընթացքում Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է Կառավարության ֆիսկալ քաղաքականության հիմնական ուղղությունները և մակրոտնտեսական կայունության ապահովմանն ուղղված ընթացիկ միջոցառումները:
Միջազգային գործընկերները բարձր են գնահատել այս ձևաչափով քննարկումների անցկացումը և հանդիպումը շարունակել հարց ու պատասխանով:
Կարծիքներ