Աճառյան փողոցում՝ Mercedes-ի բեռնախցիկում, հայտնաբերվել է Հնդկաստանի քաղաքացի

Աճառյան փողոցում՝ Mercedes-ի բեռնախցիկում, հայտնաբերվել է Հնդկաստանի քաղաքացի

Օգոստոսի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Mercedes S500 մակնիշի 01 VK 011 համարանիշի ավտոմեքենայում կասկածելի անձինք կան։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ավելի ուշ տեղեկություն է ստացվում, որ նշված ավտոմեքենան երթևեկում է Աճառյան փողոցով։Պարեկները Աճառյան փողոցի ողջ ճանապարհահատվածը վերցրել են հսկողության տակ ու կարճ ժամանակ անց՝ Աճառյան 1 հասցեի մոտ, նկատել են կասկածելի Mercedes S500-ը, մոտեցել վարորդին, պահանջել անձը հաստատող փաստաթուղթ։

Պարեկները պահանջել են, որ վարորդը բեռնախցիկը բացի՝ ստուգման նպատակով, վարորդը տարօրինակ վարքագիծ է դրսևորել։ Բեռնախցիկում հայտնաբերվել է քաղաքացի։ Տեղում պարեկները վարորդին՝ Վայոց ձորի մարզի բնակիչ 35-ամյա Վահե Կարապետյանին, ավտոմեքենայում գտնվող Հնդկաստանի քաղաքացիներ 19-ամյա Բալվանտ Մասիին, 26-ամյա Արվինդար Սինգին, 33-ամյա Հարպեդ Սինգին, 20-ամյա Աբի Պրդապ Սինգին, 20-ամյա Հարման Սինգհին և 29-ամյա Ալիշա Մասիհին՝ անձին առևանգելու, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել են և տեղափոխել ոստիկանության Ավանի բաժանմունք։

Բաժանմունք է տեղափոխվել նաև Mercedes S500-ը։ Անձնական խուզարկությամբ Բ. Մասիի մոտից հայտնաբերվել է 9 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ, 9 մմ տրամաչափի EKOL P 29 գրառմամբ գազային ատրճանակ՝ փամփշտատուփով՝ լիցքավորված թվով 5 գազային փամփուշտով:

Պարզվել է, որ օգոստոսի 22-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, Ծարավ Աղբյուրի 197/2 հասցեի մոտ նշված անձինք առևանգել են Հնդկաստանի քաղաքացի, ժամանակավորապես Արմավիր մարզի գյուղերից մեկում բնակվող 32-ամյա Արիֆ Մանիարին և ստիպողաբար մտցրել են Mercedes S500-ի բեռնախցիկի մեջ։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ Վ․ Կարապետյանը «Իզիվեյ ՎԿ» ՍՊԸ-ի տնօրենն է։ Դեպքի փաստով «անձի առևանգում» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ Վ․ Կարապետյանը ձերբակալվել է։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում