Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը եղբոր հետ պետությունից խարդախությամբ հափշտակել է շուրջ 72 մլն դրամ
Կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի որոշմամբ Արագածոտնի մարզպետի պաշտոնին նշանակված Ս.Ս.-ն (Սարգիս Սահակյան), ի պաշտոնե տեղյակ լինելով Հյուսիս-հարավ միջանցքի շինարարության իրականացման ծրագրի մասին, որն անցնելու է նաև Մ-1 Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհով, այդ թվում՝ նաև Արագածոտնի մարզի Կաքավաձոր համայնքի վարչական տարածքով, նախնական համաձայնության գալով այդ ժամանակ Կաքավաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Ս.Մ.-ի և իր եղբոր՝ Ն.Ս.-ի հետ, խաբեության՝ հողամասի նպատակային նշանակության փոփոխման եղանակով, դրա կադաստրային արժեքը արհեստականորեն բարձրացնելու և հետագայում նույն հողամասը պետությանը զգալիորեն բարձր գնով վաճառելու նպատակով՝ խեղաթյուրել է Ն.Ս.-ի կողմից 2005 թվականին Կաքավաձոր համայնքից աճուրդ-վաճառքով 35 հազար 200 դրամով գնված 7800 մ2 մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատարածքի գործառնական նշանակության տեսակը:
Նպատակ ունենալով նշված հողատարածքն անհամեմատ բարձր գներով վաճառել ՀՀ-ի անունից հանդես եկող «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպություն» ՊՈԱԿ-ին (այսուհետև՝ ՊՈԱԿ)՝ մարզպետ Ս.Ս.-ն թույլատրել է իր եղբորը՝ Ն.Ս.-ին, 2009 թվականի օգոստոսի 6-ից հետո իրականացնել ապօրինի շինարարական աշխատանքներ՝ նշված գյուղատնտեսական նշանակության հողատարածքի վրա կառուցել ինքնակամ շինություններ, ապա, օգտագործելով իր հեղինակությունը մարզի տարածքում, ի պաշտոնե ազդելով համայնքի ղեկավար Ս.Մ.-ի վրա, համոզելու եղանակով դրդել է վերջինիս չարաշահել պաշտոնեական լիազորություններն ու կատարել պաշտոնեական կեղծիք:
Մասնավորապես, Ազգային անվտանգության քննչական դեպարտամենտում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Ս.Ս.-ն, հաստատապես տեղյակ լինելով ինքնակամ շինությունների օրինականացման գործընթացում համայնքի ղեկավարի կողմից ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն «Ինքնակամ կառուցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» որոշման պահանջները խախտելու հանգամանքի մասին, շահադիտական դրդումներով, եղբորը համասեփականությամբ պատկանող հողատարածքը 2010 թվականի մարտի 4-ին ՀՀ տարածքային կառավարման նախարարություն ուղարկված գրությամբ ներառել է «Հյուսիս-հարավ միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում ՀՀ վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» օտարման ենթակա տարածքների ցանկում՝ իրական հնարավորություն ստեղծելով ձեռք բերված արժեքը զգալիորեն գերազանցող գումարով այն վաճառելու և այդ կերպ խարդախությամբ պետական միջոցներից հատկացված առանձնապես խոշոր չափերի գումարները հափշտակելու մտադրությունն իրագործելու համար:
Իր հերթին, Մ.Ղ.-ն, 2013 թվականի մարտի 7-ից փաստացի հանդիսանալով անշարժ գույքի գնահատում իրականացնող համապատասխան ընկերության տնօրենը, ՊՈԱԿ-ի հետ կնքված պայմանագրի շրջանակներում, գնահատման ենթակա օբյեկտների վերաբերյալ իր կողմից կազմված կեղծ հաշվետվության մեջ ներառել է իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկատվություն և որպես փաստացի փոխհատուցման արժեք 67 մլն 440 հազար դրամ արժողությամբ գույքը հաշվարկել 139 մլն 994 հազար 233 դրամով: Դրանից հետո, իր կողմից կազմված կեղծ գնահատման հաշվետվությունն օգտագործելու համար տրամադրել է ՊՈԱԿ-ին:
Վերը նշվածից օգտվելով՝ մարզպետ Ս.Ս.-ի եղբայր Ն.Ս.-ն, 2013 թվականի դեկտեմբերի 3-ին ՊՈԱԿ-ի հետ կնքել է հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման վերաբերյալ պայմանագիր: Արդյունքում, նշված անշարժ գույքը 67 մլն 440 հազար դրամի փոխարեն վաճառել է 139 մլն 923 հազար 733 դրամով՝ այդ կերպ խարդախությամբ հափշտակելով պետության առանձնապես խոշոր չափերի՝ 72 մլն 448 հազար 533 դրամը:
2023 թվականի փետրվարի 6-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է քրեական վարույթն ըստ մեղադրանքի՝ Ն.Ս.-ի՝ 2003 թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դրդչություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով խարդախություն), Ս.Ս.-ի` 2003 թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դրդրություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով խարդախություն), Ս.Մ.-ի՝ 2003 թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով խարդախության օժանդակություն), Մ.Ղ.-ի` 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով խարդախության օժանդակություն):
2023 թվականի փետրվարի 9-ին հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել մեղադրական եզրակացությունը հաստատելու և քրեական վարույթը Հակակոռուպցիոն դատարանին հանձնելու վերաբերյալ:
Նույն օրը դատախազի կողմից ներկայացվել է գույքային հայց՝ Ն.Ս.-ից, Ս.Ս.-ից, Ս.Մ.-ից ու Մ.Ղ.-ից հօգուտ ՀՀ պետական բյուջե համապարտության կարգով 72 մլն 448 հազար 533 դրամ բռնագանձելու վերաբերյալ:
Կարծիքներ