Անկախ մեր քաղաքական հայացքներից, մենք շատ հարցերում պետք է լինենք համակարծիք․ Նազելի Բաղդասարյան
Ազգային ժողովի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը պատասխանեց ընդդիմությանը։
«Երբ ես տեսնում եմ՝ ընդդիմադիր գործընկերներն այնպիսի բանավեճ են տանում, որ Հայաստանն է հրահրել պատերազմը, մենք ենք սանձազերծման մեղավորը, դուք հասկանո՞ւմ եք Հայաստանն ինչ պատասխանատվության առաջ եք կանգնեցնելու հետագայում միջազգային ատյաններում։ Ինչպե՞ս կարելի է, վերջ տվեք այս ամենին։ Անկախ մեր քաղաքական հայացքներից, մենք շատ հարցերում պետք է լինենք համակարծիք»,- ասաց Բաղասարյանը։
«Ինձ համար շատ ցավալի է, երբ մարդիկ շահարկում են պատերազմը։ Պատերազմը ողբերգություն էր, որը թակել է յուրաքանչյուրիս դուռը, և որևէ մեկն անմասն չի մնացել։ Ունա՞կ ենք մենք այսօր դասեր քաղել այս ամենից։ Ինձ համար ցավալի է, երբ ասում են՝ հողեր են հանձնվել, երբ խոսվում է կապիտուլյացիայի մասին։ Մեր ընկած զինվորների արյունը չի կարելի պղծել, բանակը տարել է ահասարսուռ մարտեր և արել է անհնարինը, եկեք հարգենք այս ամենը։ Ինձ համար ցավալի է, երբ դահլիճում ու դահլիճից դուրս այսպիսի մի դիսկուրս է ծավալվում՝ ով է ռուսամետ, ով է արևմտամետ, ով է եվրոպամետ։ ՀՀ պաշտոնյան պարտավոր է լինել հայամետ, և ուրիշ ոչինչ։ Եվ եթե դուք պատրաստ եք պետականապետ գործունեություն ծավալել, ապա բարի եղեք այդ ամենը հայտնել նաև քաղաքական ամբիոնից»։
Կարծիքներ