Զարեհ Սինանյանը և Փարիզում համայնքի ներկայացուցիչները քննարկել են հայրենադարձությանը, սփյուռքի ներուժի ներգրավմանը առնչվող հարցեր

Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի փարիզյան այցն ավարտել է համայնքի յոթ տասնյակից ավելի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ։ Սինանյանը մանրամասն ներկայացրել է գրասենյակի գործունեությունը, ապա պատասխանել մասնակիցների հարցերին։ Այս մասին տեղեկանում ենք Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակի ֆեյսբուքյան էջից։
Շուրջ երեք ժամ տևած հանդիպման ընթացքում հնչել են հայրենադարձությանը, սփյուռքի ներուժի ներգրավմանը, համայնքներում հանձնակատարների ինստիտուտի ներդրմանն առնչվող հարցեր։
Այնուհետև համայնքի որոշ մտավորականների հետ Գլխավոր հանձնակատարն ունեցել է մտքերի փոխանակման ձևաչափով հանդիպում, որի ընթացքում քննարկվել են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նման ձևաչափով հանդիպումները շարունակել և ծառայեցնել այս տարի կայանալիք Հայաստան-Սփյուռք համաժողովի օրակարգի մշակման աշխատանքներին։
Կարծիքներ